
Երբևէ ստեղծված ամենահզոր հրթիռը պատրաստվում է առաջին արձակման փորձին: Այս մասին գրել է BBC-ն։
Հրթիռային համակարգը, որը հայտնի է որպես Starship, կառուցել է ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկի SpaceX ընկերությունը։ Այն ունի գրեթե 120մ բարձրություն և նախագծված է, որպեսզի ունենա պատմության ցանկացած հրթիռի գրեթե կրկնակի մղումը (тяга):
Արձակումը տեղի կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Բոկա Չիկա կոչվող տարածքից: Նպատակն է հրթիռի վերին աստիճանն ուղարկել դեպի արևելք՝ անցնելու երկրագնդի շուրջ գրեթե մեկ պտույտը:
«Դա շատ բարդ, հսկայական հրթիռի առաջին արձակումն է, ուստի այն կարող է չարձակվել: Մենք շատ զգույշ կլինենք, և եթե տեսնենք մեզ մտահոգող որևէ բան, կհետաձգենք արձակումը»,- ասել է Իլոն Մասկը Twitter Spaces միջոցառմանը։
SpaceX-ը կփորձի Starship-ն արձակել տեղական ժամանակով 08:00-ին (Երևանի ժամանակով 17։00-ին):
Ակնկալվում է, որ հազարավոր մարդիկ կփորձեն հասնել Մեքսիկական ծոցի ափամերձ վայրեր՝ իրադարձությանը ականատես լինելու համար: Իլոն Մասկը կարծում է, որ այն կարող է սկիզբ դնել սովորական մարդկանց միջմոլորակային ճանապարհորդությունների դարաշրջանին:
Հրթիռային համակարգը Երկրի շուրջ գրեթե ամբողջական պտույտից հետո պետք է նորից մտնի մթնոլորտ՝ իջնելով Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիներից հյուսիս: