Armenpress.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը կստանա 2 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին հարցն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 24-ի նիստի օրակարգում:  Ըստ հիմնավորման, դրամաշնորհի միջոցները կօգտագործվեն կորոնավիրուսային հիվանդության  (COVID-19) համաճարակի հետևանքով տուժած առաջնային գծի բուժաշխատողների և բնակչության համար,  մասնավորապես պաշտպանիչ անձնական սարքավորումների, թեստավորման կոմպլեկտների, ընդհանուր բժշկական պարագաների և այլ անհրաժեշտ միջոցների ձեռքբերման համար։

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համաճարակի տարածման վիճակագրությունը՝ դրամաշնորհային համաձայնագրի ստորագրումը կենսական նշանակություն ունի պանդեմիայի կանխարգելմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման համար»,- ասված է հիմնավորման մեջ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել