Ամերիկաներին բաժին է ընկնում ողջ աշխարհում «Քովիդ-19»-ի հետևանքով գրանցված մահացության ցուցանիշի 64 տոկոսը: CNN-ի փոխանցմամբ՝ նման տեղեկություն է հայտնել Առողջապահության հարցերով պանամերիկյան կամզակերպության տնօրեն Կարիսա Էթիենը:
«Ամերիկաներին է բաժին ընկնում մոլորակի բնակչության մոտ 13 տոկոսը և համաշխարհային մակարդակով պաշտոնապես գրանցված մահերի 64 տոկոսը»,- ասել է Էթիենը՝ հավելելով, որ ավելի քան 400 000 մարդ է մահացել կորոնավիրուսից Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում:
«Այս վիրուսն անկոտրում է և նույնպիսի վերաբերմունք է պահանջում մեզնից: Մենք պետք է խիզախ լինենք և նրա տարածումը վերահսկողության տակ պահենք»,- շեշտել է մասնագետը:
Ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 778 հազար մարդ, վարակվել է ավելի քան 22 միլիոնը: Վարակման դեպքերից 11.5 միլիոնը նույնպես բաժին է ընկնում Ամերիկաներին, որտեղ գտնվող երկրներից երկուսը՝ ԱՄՆ-ն և Բրազիլիան, առաջատարներն են թե՛ վիրուսից մահացության, թե՛ վարակման ցուցանիշներով:



