2020 թվականի օգոստոսի 9-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռիգայի փողոցից դեպի Արաբկիր 19-րդ փողոցի հատվածում մի քանի ավտոմեքենաներով մարդիկ են հավաքված և լսվում են կրակոցներ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը կատարել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում առգրավվել են տարբեր տրամաչափի կրակված պարկուճներ, հայտնաբերվել են արնանման հետքեր, որոնցից վերցվել են փորձանմուշներ:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, դեպքի վայրի հարակից շինություններից առգրավվել են տեսանկարահանող սարքեր:

Իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի մասնակիցներից երկուսի ինքնությունը, որոնք Երևանի բնակիչներ են՝ 34 և 24 տարեկան: Նրանք ձերբակալվել են՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով:  34-ամյա տղամարդուց վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել