«Մենք խորապես ցավում ենք Բեյրութում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համար եւ միանում Լիբանանին հրատապ օգնելու համաշխարհային ջանքերին: Ինչպես Լիբանանը կանգնեց մեր կողքին Հայոց ցեղասպանությունից հետո, այսօր մենք ենք Լիբանանի ողջ ժողովրդին աջակից: Որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցիչներ, մենք կոչ ենք անում հումանիտար բոլոր կազմակերպություններին անել հնարավոր ամեն ինչ՝ Լիբանանին աջակցելու համար: Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր հայերին՝ սատարելու Լիբանանի ողջ բնակչությանը, ինչպես նաեւ հայ համայնքին»,- հայտարարում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները եւ «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Լիբանանի Կարմիր խաչի եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի (NEF) միջոցով 100.000 ԱՄՆ դոլար մարդասիրական աջակցություն կտրամադրի պայթյունի անմիջական հետեւանքները մեղմելու համար: Միեւնույն ժամանակ «Ավրորայի» #AraratChallenge շարժումը 50.000 ԱՄՆ դոլար կնվիրաբերի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը՝ հայ համայնքի կարիքների համար:
2020 թ. օգոստոսի 10-ից սկսած՝ առնվազն երկու ամիս #AraratChallenge շարժումը կօգնի նաեւ միավորելու աշխարհի բոլոր հայերին՝ իրականացնելով դրամահավաք-հանգանակություն: Հավաքված միջոցները կուղղվեն Բեյրութի հայ համայնքի աջակցությանը: Ակնկալվում է, որ այս ջանքերը հնարավորություն կտան հանգանակել եւս 50.000 ԱՄՆ դոլար՝ աջակցելու վերականգնման նախագծերին, որոնք կընտրվեն ավելի ուշ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



