168.am-ը գրում է․

Օրեր առաջ քաղաքացի Էդուարդ Աղաջանյանից մի բացիկ է ստացվել մեր խմբագրություն, որով պահանջվում է հերքել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մասին մեր կողմից հրապարակված նյութերից մեկը։

Հիշեցնենք նաև, որ վերոնշյալ նյութի հրապարակումից ժամեր անց Աղաջանյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել էր․

«Հարգելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ 168.am կայքում «Փարթի իշխանական «Ֆերմատանը» վերնագրով մի նյութ է հրապարակվել, որտեղ շոշափվում է նաև իմ անունը։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ նշյալ կայքի տարածած տեղեկատվությունը որևէ աղերս չունի իրականության հետ։ Դժվարանում եմ դրական շարժառիթներ տեսնել այն բանում, թե այս լարված ժամանակահատվածում ինչու են մեր լրատվական դաշտի որոշ գործընկերներ, առանց լուրի իսկությունը ճշտելու, ապշեցուցիչ արագությամբ դա արտատպում իրենց կայքերում՝ կամա-ակամա մոլորեցնելով մեր հանրությանը։ Այսպիսով՝ 168.am կայքից պահանջում եմ անմիջապես հերքել տարածված ապատեղեկատվությունը, որպեսզի խուսափենք մեր պետության ու ժողովրդի համար այս դժվարին օրերին լիովին անհարկի թվացող դատական գործընթացից»։

Նա չէր զլացել հրապարակմանն անդրադառնալ նաև իր ֆեյսբուքյան անձնական էջում, որտեղ #աղբակույտ հեշթեգով գրել է․

«Մտնեմ ֆեյսբուք, տեսնեմ ինչ. պարզվում ա երեկ տասնյակներով ընդհատակյա խրախճանք եմ կազմակերպել ու իրենց մամուլ կոչող աղբը իրար հերթ չտալով այս ապատեղեկատվությունն է տարածում։ Իսկ այս լրագրողական ապիկարության հեղինակն է 168 Ժամը։ Պատրաստվեք դատարանում պաշտպանվել ու թերևս պատվիրատուներիդ ասեք, որ դրա հետևանքներին իրենք ևս պատրաստվեն»:

Դրան ի պատասխան, իհարկե, 168.am պատասխան հրապարակումով հանդես եկավ՝ կոչ անելով չափը ճանաչել և գնալ դատարան:

Մեր այդ հրապարակման մեջ նաև հորդորել էինք ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ ստուգել մեր հրապարակման մեջ ներառված փաստերը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային տեսախցիկներն ունեն սահմանափակ հիշողություն, իսկ մենք չգիտենք, թե երիտասարդի նախաձեռնած դատական գործընթացը որքան կտևի, այդ իսկ պատճառով, որպեսզի տեսանյութերը չկորչեն, հիմա առավել ևս հորդորում ենք ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ ոչ միայն ստուգել այդ փաստերը, այլև հենց այսօր առգրավել և պահել Կորյուն-Տերյան խաչմերուկի ավտոճանապարհային բոլոր տեսախցիկների, ինչպես նաև Տերյան 105/1 հասցեում տեղակայված այդ ակումբի մուտք(եր)ն ու տեղաշարժը ֆիքսող հարակից տարածքների բոլոր տեսախցիկների՝ շաբաթ օրվա ժամը 23:00-ից մինչև կիրակի ժամը 24:00-ն (հունիսի 6-7-ը ներառյալ) ժամանակահատվածի տեսագրությունները»։

Նաև նշել էինք, որ նրա կողմից հերքում համարվող ու պաշտոնյային ոչ հարիր լեքսիկոնով արված ֆեյսբուքյան նմանաբնույթ գրառումները հերքում կարող են համարվել բացառապես նրա ֆան կլուբի հետևորդների համար, իսկ առհասարակ, վարչապետական ապարատի ղեկավարին չէր խանգարի կարդալ և սովորել, թե ինչ տեսքով և ձևաչափով է պետք ԶԼՄ-ին ներկայացնել հերքման պահանջը։

Ի պատասխան

Եվ ահա, քաղաքացի Էդուարդ Աղաջանյանը, հղում անելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին՝ նշում է, որ զրպարտվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի վերաբերյալ նյութից և պահանջում է օրենքով սահմանված կարգով հերքել ապատեղեկատվությունը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լրատվական գործունեություն իրականացնողների պարտականությունն է նաև նպաստել հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, այդ իսկ պատճառով հարկ ենք համարում քաղաքացի Էդուարդ Աղաջանյանի համար հատուկ ընդգծել․

«Զանգվածային լրատվության մասին» օրենքի և Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածների համեմատական վերլուծությունից բխում է, որ հերքման և պատասխանի դիմելու արտադատական պաշտպանության միջոցը առավելապես զրպարտությունից պաշտպանվելու միջոց է: Օրենքը վիրավորված անձից ներողություն խնդրելու և այդ տեքստը հրապարակելու առանձին կարգ չի նախատեսել: Սակայն այս հարաբերություններում կողմերն ազատ են` փոխադարձ համաձայնությամբ օրենքով չսահմանված պարտավորություններ ստանձնել և գործողություններ կատարել: ԶԼՄ-ի կողմից հայցվորի պահանջը կատարել-չկատարելու հանգամանքը հետագա հնարավոր դատավարության ընթացքում դատարանի կողմից կարող է գնահատվել անձի պատիվն ու արժանապատվությունը արատավորելու, վիրավորելու դիտավորության հատկանիշ բացահայտելիս:

Սակայն պետք է հստակեցվեն այն արտահայտությունները, որոնք վիրավորական են կամ զրպարտող: Սա ճշգրտորեն կատարելու շահագրգռվածությունը պետք է դրսևորի դիմողը` պայմանավորված այս փաստի ապացուցման պարտականությամբ և հնարավոր բացասական հետևանքներով:

Ենթադրյալ խախտված իրավունքը վերականգնելու համար պահանջվող եղանակի ընտրության պարագայում անգամ (մի կողմ թողնելով դրա պիտանիությունը, համաչափությունը, պատճառահետևանքային կապի առկայությունը, համաչափությունը) պետք է դատարանին ներկայացվի այն արտահայտությունները, որոնք, իր կարծիքով, զրպարտող կամ վիրավորական են։

Անդրադառնալով նամակ-բացիկին, հարկ ենք համարում հստակորեն ընդգծել, որ ԶԼՄ-ն պարտավոր չէ գնահատել արտահայտությունների վիրավորական կամ զրպարտող լինելը (նաև իրավունք չունի):

Հրապարակումից արտահայտություններն անջատելու, դրանք զրպարտող կամ վիրավորական լինելու տեսակետից գնահատական տալու հստակեցումը պետք է ներկայացված լինի նամակում, որը, սակայն, ակնհայտորեն բացակայում է։ Դուք պետք է ներկայացնեիք այն արտահայտությունները, որոնք Ձեր կարծիքով զրպարտող կամ վիրավորական են, իսկ այդ արտահայտություններն անջատած չլինելու, դրանք զրպարտող կամ վիրավորական լինելու տեսակետից գնահատական տված չլինելու դեպքում` ցավոք սրտի, մեր կողմից հերքում տպագրելը անհնար է դառնում։

Ուստի, հարգելի քաղաքացի Էդուարդ Աղաջանյան, ԶԼՄ-ին դիմելուց խնդրում ենք ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք հնարավորինս կանխատեսելի կդարձնեն ձեր պահանջը, որի՝ ակնհայտ որոշակի լինելու հանգամանքի բացակայությամբ, այն պարզապես անհնար է դառնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել