News.am-ը գրում է․

Ցանկացած ապօրինի արտահոսքի դեպքով քրեական վարույթ կիրականացվի եւ բոլորդ այդ մասին տեղյակ կլինեք: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, ԱԺ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում նշեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Ես ուզում եմ իմ ցավը արտահայտել, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ նաիրա Զոհրաբյանի վիրավորախառն վարքագիծը ավանդականություն ունի: Կարծում եմ՝ եւ պատգամավորը, եւ նրա գործընկերները սրա մասին պետք է մտածեն:

Ինչ վերաբերում է իր հեռախոսային զրույցների հրապարակման փաստին, ապա կրկին իր պահանջով, խոստանում եմ, որ այդ խոսակցությունների եւ ձեւական, եւ բովանդակային կողմը լինելու է բացառիկ հրապարակային:  Հանրությունը տեղեկանալու է դրա բոլոր հանգամանքների մասին»,-ասաց գլխավոր դատախազը:

Նա մեջբերեց իրավապահներին տարածած հաղորդագրության այն հատվածը, որտեղ ներկայացված է Նաիրա Զոհրաբյանը խոսքը. ««Պարզվեց՝ առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ն ձեն չունի, պետ է ճշմարտության երեսին նայենք»: Նա հարցադրումներ է արել, թե որքանով է իրավաչափ այս տեղեկությունները ձեռք բերելը եւ հրապարակելը: Բայց սա իրականություն է, թե իրականություն չէ, ես որեւէ փաստարկում չտեսա:

Պատգամավորներն իրենց գործելաոճով, իրենց աշխատանքով պետք է իրենց սահմանների մեջ մնան եւ իրականացնեն բացառապես օրենքով նախատեսված իրենց գործառույթները: Անվստահության գործընթաց եք ուզում նախաձեռնել, նախաձեռնեիք երեկ, այսօր, վաղը, բայց ձեր խոսքի մեջ չանցնեք սահմանները:

Պարոն Արթուր Դալլաքյան, ինձ հետ խոսելիս զգույշ ընտրեք  բառերը, առանց հասկանալու բառեր չարտաբերեք»,-ընդգծեց Արթուր Դավթյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել