168.am-ը գրում է․

Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի և Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների համատեղ փակ քննարկման ընթացքում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը բավականին անկեղծ էր, ծավալվեց խորքային քննարկում բանակում առկա խնդիրների վերաբերյալ, բայց ինձ մտահոգում է այն փաստը, որ այդ խնդիրների լուծման ուղղությամբ այդպես էլ մշակված քայլեր ես չտեսա։ Այս մասին 168TV–ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գևորգ Գորգիսյանը։

Խոսելով բանակում առկա խնդիրների մասին՝ պատգամավորը նշեց, որ, եթե նախկինում զինվորները շատ հաճախ չէին կարողանում բարձրաձայնել իրենց խնդիրները, և կար սպայական կազմի ինչ-որ տեղ նաև ամենաթողություն, ապա հիմա վիճակը ճիշտ հակառակն է՝ զինվորները սկսել են բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, իսկ սպաները մնացել են անպաշտպան, և դա պատճառ է դառնում, որ հաճախ նրանք չեն ցանկանում խառնվել զինվորների միջանձնային հարաբերություններին։

Ըստ Գորգիսյանի՝ իր մատնանշած ամենաթողության տիպիկ օրինակ է դեռևս մեկ տարի առաջ Մեղրու զորամասում տեղի ունեցած միջադեպը, երբ զինվորները պարզապես հրաժարվել էին ենթարկվել սպաներին։

«Այսօրվա հիմնական քննարկման թեման, իհարկե, արձանագրած 13 զոհերի հանգամանքն էր, բայց նաև խոսել ենք բանակում առկա խորքային խնդիրների մասին, որոնցից է նաև բանակի նկատմամբ վստահության բարձրացումը։ Դրա համար նախ անհրաժեշտ է, որ եղած դեպքերի մեղավորները պատժվեն, իսկ դրա համար էլ նախ անհրաժեշտ է, որ բանակի ղեկավարությունը դեպքերին պատշաճ արձագանքի»,- ասաց Գորգիսյանը։

Պատգամավորի փոխանցմամբ՝ Գլխավոր շտաբի պետի հետ այսօր կայացած քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, և եկել են այն եզրահանգման, որ քանի դեռ հասարակության մեջ առկա է անհանդուրժողականություն, սևերի և սպիտակների բաժանում, հեռուստատեսությամբ էլ չի դադարում նման բարքերի մասին պատմող ֆիլմերի ցուցադրումը, անհնար է խոսել այդ ենթամշակույթի դեմ հաջողված պայքարի մասին, քանի որ բանակը հասարակության խտացված արտացոլումն է։

Ամփոփելով այսօր տեղի ունեցած քննարկումը՝ Գորգիսյանը նշեց, որ իր համար մտահոգիչ է այն, որ խնդիրների լուծմանը միտված քայլեր անգամ չերևացին, և ստացվում է, որ անընդհատ խոսում ենք խնդիրների մասին, բայց գործ ունենք խնդիրն արձանագրելու և բարեփոխման տեսլական չունենալու հարցի հետ։

«Բանակին բարեփոխման համար առաջին հերթին պետք են ռեսուրսներ, որոնց համար պետք է ժողովրդավար միջավայր, որտեղ կկարողանա բիզնես զարգանալ, և ներդրումներ կլինեն, որոնք, սակայն, չկան, իսկ Կառավարության անկանխատեսելի քաղաքականության արդյունքում մենք ետ ենք մղում ներդրողներին։ Կառավարության միակ հաջողությունը, թերևս, նոր սննդակարգի ներդրումն է, բայց դա ամենակարևոր հարցը չէ։ Մենք խնդիր ունենք ավելի լուրջ մասնագետների ներգրավման, որպեսզի կարողանանք մարտահրավերներին դիմակայել: Բայց ես տեսնում եմ, որ մեր քաղաքական մեծամասնությունն իր էներգիան ծախսում է 15-րդ-ական հարցերի և ոչ կարևորագույն մարտահրավերների լուծումները գտնելու վրա։ Օրինակ՝ բանակում խնդիրներ ունենք, բայց հենց հիմա քաղաքական մեծամասնությունը զբաղված է հանրաքվեով, ավելի վաղ զբաղված էր այլ օրենքով, դրանից շատ ավելի վաղ էլ՝ մեկ ամբաստանյալի հարցով»,- ասաց Գորգիսյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ եթե օրվա իշխանությունը շարունակի բանակում, և՝ ոչ միայն, առանց համակարգային փոփոխությունների՝ ժամանակ ձգել, ապա այդ նույն իշխանությունն է դառնալու առաջին հակահեղափոխականը, որովհետև տարբեր մանիպուլյացիաներով և անընդհատ հներին մեղադրելով՝ անհնար է հարատև գոյատևել, և դա անպայման առաջացնելու է հանրային դժգոհություն։

«Եթե բարեփոխումների համար պետք են նոր մարդիկ, թող բերեն, այո՛, պետք է երբեմն գան նորերը և իրենց նոր մտածողությամբ կարողանան բան փոխել բանակում, բայց վաղուց ժամանակն է, որ մենք մոռանանք հեղափոխություն և հակահեղափոխություն հակադրության մասին: Մենք պետք է երկիր կառուցենք, և պետք է հասկանալ, որ հնի դեմ պայքարը չի լինում անընդհատ հնին խփելով: Հնի դեմ պայքարում են այնպիսի համակարգի ներդրմամբ, որտեղ, օրինակ, կոռուպցիան չի կարող աշխատել։ Հակառակ պարագայում՝ երկար այսպես ժամանակ ձգել հնարավոր չէ»,- ասաց Գևորգ Գորգիսյանը:

Խոսլեով մեկ այլ՝ հանրային դժգոհության առիթ դարձած մամուլի հրապարակումներից մեկից, որտեղ խոսվում էր այն մասին,  որ Արցախում զինվորներ են մահանում, և բոլոր մահացածներն էլ հայաստանցիներ են, Գևորգ Գորգիսյանն ասաց.

«Ազգային անվտանգության ծառայությունն այստեղ անելիք ունի, և այս սադրանքի նման փորձերը պետք է արմատախիլ անել հենց արմատում։ Խոսքի ազատությունը՝ խոսքի ազատություն, բայց սա այդ դեպքը չէ, սա կոնկրետ ուղղորդված քարոզչություն է Հայաստանի անվտանգության դեմ, և նման քարոզչությունները պետք է պատժվեն»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել