168.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, հայտարարել է, թե «1.5 տարվա ընթացքում ձեռք է բերվել այնքան սպառազինություն, զենք-զինամթերք, որքան ձեռք չի բերվել տեսանելի ժամանակաշրջանում»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է այս փաստը՝ ասելով. «Այո, այս 1.5 տարում մեծ քանակի զենք-զինամթերք և սպառազինություն է ներմուծվել Հայաստան, կնքվել են համապատասխան պայմանագրեր, բայց ինչպե՞ս, ի՞նչ, բնականաբար, չեմ կարող հայտնել, որովհետև դրանք գաղտնիք են պարունակում»:

Ռազմական վերլուծաբան Մհեր Հակոբյանը համաձայնեց  ՊՆ մամուլի քարտուղարի պնդմանը՝ ասելով. «Այո, ըստ իմ տեղեկությունների ևս՝ լուրջ սպառազինություն է ձեռք բերվել, սակայն որքան և ինչ տեսակի՝ չգիտեմ»:

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանն էլ 168.am-ի հետ զրույցում ակնարկեց, որ Փաշինյանի հայտարարությունների ճշմարիտ լինելու ոչ մի երաշխիք չկա:

«Նիկոլ Փաշինյանի պնդումները, ցավոք, հնարավոր չէ ստուգել բաց աղբյուրներով, և չկա որևէ երաշխիք, որ իր հայտարարությունները ճիշտ են։ Նախկինում իր հայտարարությունների և հնչեցրած թվերի դեպքում էլ հաճախ դրանք հերքվում են որոշ ժամանակ անց»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը 168.am-ի հետ զրույցում այս համատեքստում անդրադարձավ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությանը՝ վստահեցնելով, որ բավականին լավ է գործընթացը տեղի ունենում, ավելին՝ բավականին լավ մասշտաբի:

«Ես այս պարագայում նույնիսկ կհատկանշեի՝ ոչ այնքան սպառազինության քանակը, որքան դրա որակը: 2016-ից սկսվեցին հատկապես նոր զենքի մատակարարումները: Սկսեցին ստորագրվել գործարանային նոր սպառազինության գնման պայմանագրեր: Մինչդեռ մինչ այդ, խոսքը գրեթե միշտ այն սպառազինության մասին էր, որը ՌԴ ԶՈւ-ի զինապահոցից էր, այսինքն՝ մատակարարվում էր, ըստ էության, հնացած տեխնիկա, և ոչ միշտ՝ լավ վիճակում, բայց դրանք հիմնականում անհատույց մատակարարումներ էին: Իսկ հիմա Հայաստանը վճարում է սեփական միջոցներից, կամ վարկ է վերցնում, և այս դեպքում արդեն բոլորովին այլ մոտեցում է՝ սպառազինության գնման խնդրի հետ կապված: Այսինքն` գնվում է այն, ինչ պետք է ՀՀ զինված ուժերին, և այն քանակով, որն անհրաժեշտ է: Պարզ է` երբ դու ինքդ ես պատվիրում, վճարում ես դրա դիմաց, դա մի փոքր այլ մոտեցում է»,- պնդեց ռազմական վերլուծաբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել