Մոլդովայի օմբուդսմենը խորհրդաժողովից հեռացել է պատվեր կատարողի պիտակով:
«Ադրբեջանցի փաստաբան»-ի պիտակը մոլդովացուն տրվեց: Տիկին Աուրելիան հենց ամբիոնին մոտեցավ, բոլորը տեղում սկանդալի հոտ զգացին: Ամեն ինչ հաշվակել էր` ձայնագրիչը միացրեց, նոր սկսեց: Ռուս-վրացականով զեկույցը բացեց, մնացածը` ղարաբաղյան հակամարտությունն է: Սկզբից մինչև վերջ` կեղծ տվյալներով: Խոջալուի դեպքերը «ցեղասպանություն» անվանեց, հայերին ագրեսոր կոչեց, ազատագրված տարածքներն էլ` գրավյալ որակեց: Ու այդպես, մինչև նիստը վարող Դարվիթ Հարությունյանը հիշեցրեց` ժամանակը սպառվեց:
Մոլդովացի տիկինը արտահայտվեց, տեղավորվեց: Պատվիրակները վրդովվեցին: Ելույթն ի՞նչ կապ ուներ գիտական կոնֆերանսի հետ: Հերթով ձայն են խնդրում: Արցախի արդարադատության նախարարը նախ փոխեց կին-փաստաբանին դիմելու ձևը:
Ռուսաստանի ներկայացուցիչն էլ է զարմացած: Նախ ճշտեց` տիկինը կարծես թե փաստաբա՞ն է: Այն էլ` երկարամյան փորձով: Խորհրդարանական օմբուդսմեն: Չգիտի՞, որ իր վարքն ու գիտական կոնֆերանսն անհամատեղելի են:
Հերմինե Նաղդալյանը պահանջեց, որ խորհրդաժողովն իր անհամաձայնությունն արտահայտի: Բարձր ամբիոնից պատվիրված թեմաներ են հնչում: Պատվերով համերգներ են կատարվում: Դա պատիվ չի բերում խորհրդաժողովին: Մոլդովացի փաստաբանը հենց Հերմինե Նաղդալյանի կողքին է: ԱԺ փոխնախագահը չէր կարող չնկատել` ձայնագրիչը ելույթից առաջ միացվեց:
Աուրելիա Գրիգորիուն փորձում է արդարանալ, միայն թե համոզիչ չի հնչում, լսարան էլ չունի: Պնդում է, որ միայն իր ելույթը չէ, որ ձայնագրել է: Քանի որ փաստաբան է, պետք է իմանար` փաստերով են խոսում: Մեկ ճշտում էլ` ո՞ր երկրի օմբուդսմենն է մոլդովացի տիկինը:
Նրան նաև չհավատացին, երբ փորձեց համոզել, թե իր նպատակը խաղաղ կարգավորման վրա ուշադրություն հրավիրելն էր: Ով-ով, Դավիթ Հարությունյանը ծախվածների կեցվածքը շատ լավ գիտի:
Քննադատությունից քննադատություն մոլդավացին իրեն նույնիսկ տեղից խոսելու իրավունք է վերապահում: Չի էլ սպասում նախագահողի թույլտվությանը: Դավիթ Հարությունյանի մոտ այդ խաղը հաստատ չի անցնի:
Բանավեճին Լիտվայի օմբուդսմենն է վերջ դնում: Հիշեցրեց` խորհրդաժողովը այդ խնդիրը լուծելու վայրը չէ: Հատկապես այն պետության համար, որը ներգրավված չէ այդ պրոցեսում: Մոլդովուհուն դիմեց...
Եվրապաշտոնյաները ևս մեկ անգամ համոզվեցին` այս կարգի բանավեճերում Հայաստանի պահվածքի և Ադրբեջանի աղմուկ-աղաղակի միջև սար ու ձորի տարբերություն կա:
Խորհրդաժողովը մեկ ժամ թեմայից շեղվելուց հետո ավարտվեց, բանաձև ընդունվեց: Մոլդովայի օմբուդսմենը մնաց միայնակ` ջրով ու անձեռոցիկով: Պատվեր կատարողի պիտակով: