168.am-ը գրում է․

Համաշխարհային պատմության մասին խոսելիս անհնար է շրջանցել Սովետական Միությունը։ Բացառիկ պետություն, Երկրորդ աշխարհամարտ, գիտության վերելք, սպանված պոետներ, մինչ օրս գաղտնի ու չբացահայտված էջեր, աթեիզմ։ Լենինն աթեիստներ Կարլ Մարքսի և Ֆրիդրիխ Էնգելսի գաղափարների հետևորդն էր, ուստի անհնար էր պատկերացնել, որ Լենինի պետությունը կշրջանցի այդ թեման։ Աթեիզմի առաջին ծիլերը Ռուսաստանում ի հայտ եկան 1918 թվականի հունվարի 23-ին։ ՌԽՖՍՀ ժողկոմխորհը հրապարակեց դեկրետ, ըստ որի՝ եկեղեցին պետք է անջատվեր պետությունից։

Դեկրետի համաձայն՝ եկեղեցին զրկվում էր պետության կողմից ստանալ նպաստ։ Այդ ամենը չէր կարող չանդրադառնալ նաև Հայաստանի Հանրապետության վրա, որը 1920 թվականին դարձավ Խորհրդային Հայաստան։ ԽՍՀՄ-ում սկսեցին գործել աթեիստական խմբակներ, ու կարճ ժամանակ հետո հրապարակվեցին առաջին թերթերը։ Հայաստանում առաջին աթեիստական կազմակերպությունը ստեղծվեց 1927 թվականին՝ «Անաստված» անվամբ, որից մեկ տարի հետո էլ ստեղծվեց համանուն ամսագիրը։  «Անաստված»-ը 1928-1933 թվականներին տպագրվում էր՝ որպես հանդես, իսկ 1933-1935 թվականներին՝ որպես թերթ։ Ամսագրի կարգախոսն էր՝ «Կրոնի դեմ պայքարը պայքար է սոցիալիզմի համար»։

Այս ամենին կամաց-կամաց սկսեցին փոխարինել «գործնական աշխատանքները»։ «Կրոնը և ալկոհոլը կուլտուրական հեղափոխության թշնամիներն են». այս լոզունգով սկսվող թերթը կարճ ժամանակ անց սկսեց լուսաբանել նաև տեղեկություններ այն մասին, թե ինչպե՞ս էին Հայաստանում քանդվում կամ փակվում եկեղեցիները և դրանց փոխարեն՝ կառուցվում, այսպես կոչված, «Կուլտուրայի կենտրոններ»։ Եվ տեսականորեն այս ամենից չէր կարող չվրիպել նաև Երևան քաղաքն ու Երևանի եկեղեցիները։ «Գեթսեմանի» մատուռի փոխարեն՝ կառուցվեց Օպերան, «Պողոս-Պետրոս» եկեղեցու փոխարեն՝ «Մոսկվա» կինոթատրոնը, «Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու փոխարեն՝ Եղիշե Չարենցի անվան դպրոցը։

Միգուցե հիմա շատերը թերահավատորեն մոտենան և չհավատան, որ այդ թվականներին Երևանում կային այդքան շատ եկեղեցիներ, սակայն այդ ամենի մասին փաստում են անգամ օտարազգի ճանապարհորդները, ովքեր ինչ-որ ժամանակ եղել են Երևանում։ Երևանի ամենաշքեղ և ամենահին եկեղեցին եղել է «Պողոս-Պետրոսը»։

Քրիստոսի Պողոս և Պետրոս առաքյալների անունները կրող եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում։ Նախնական վիճակում այն եղել է բազիլիկ, սակայն մի քանի անգամ վերանորոգվել է։ Եկեղեցին իր նախնական կառուցվածքից մի փոքր շեղվել է հատկապես 1679 թվականին Երևանում տեղի ունեցած մեծ երկրաշարժից հետո։ Եվ շատ ժամանակ նախորդ դարի ուսումնասիրողների մի մասը միտված էր այն կարծիքին, որ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում, սակայն իրականում այն Երևանի ու Հայաստանի ամենահին եկեղեցիներից է։ Այդ եզրահանգմանը եկան մասնագետներն այն ժամանակ, երբ 1930 թվականին եկեղեցու քանդումից հետո սկսեցին պեղումներ իրականացնել։ Այս ցավալի դեպքին դեռ կանդրադառնանք։ 1778 թվականին եկեղեցին հերթական անգամ վերանորոգվում է, և հատկանշական է, որ այդ աշխատանքների մասին եկեղեցու հարավային պատին արձանագրություն է արվել․

«Ի Թվի ՌՄԻԷ ողորմութեամբ Աստուածային նորոգեցաւ բոլոր տանիք Սուրբ Եկեղեցւոյս հանդերձ այլ ևս խախուտ տեղեօք, որք ի յորմունսն և ի նիւնսն էին արդեամբք և հոգացողոըթեամբ Տեառն Սիմէօն գերընտիր կաթողիկոսին ամենայն Հայոց և Սրբոյ Էջմիածնի, որ ի սոյնոյ քաղաքէս էր» (Թ․Խ․ Հակոբյան, «Երևանի պատմությունը»։ Երևան, 1971 թվական, էջ, 353)։

Այս արձանագրությունից տեղեկանում ենք, որ վերանորոգումը կատարվել է կաթողիկոս Սիմեոն Երևանցու անմիջական հսկողությամբ ու կաթողիկոսական միջոցներով։ Վերանորոգվել է տանիքը, ծածկն ու սյուները։ Վերանորոգման ամբողջական ծախսը կազմել է մոտ 95 թուման։ Եկեղեցին հերթական անգամ վերանորոգվում է 1820 թվականին։ Եկեղեցին հարուստ է եղել իր որմնանկարներով, որոնք արդեն իսկ փաստում են, որ այդ տարիներին Երևանում զարգացած է եղել որմնանկարչության արվեստը։

Ավագ խորանի երկու կողմերի պատերի հարթությունը պատած էր տարբեր ժամանակների որմնանկարների վեց շերտով, որոնցից վերին երկուսը՝ պաստառի, իսկ ներքին չորսը՝ կրածեփի վրա։ Պաստառների վրայի նկարները պատկանում էին 19-րդ դարին, իսկ տակինները՝ հին ժամանակներին։ Ամենահինը պատկանում էր 6-րդ դարին կամ 7-րդ դարի սկզբներին։ Մինչ այդ որմնանկարները, եկեղեցու պատերը մերկ են եղել և կրածեփ չեն ունեցել։ Ստորին որմնանկարների վրա բուսական զարդեր են, իսկ մյուս շերտերի նկարները Պողոս և Պետրոս առաքյալների դիմանկարներն են։

«Պողոս-Պետրոս» եկեղեցու գլխավոր մուտքը հյուսիսային կողմում էր, որի երկաթապատ երկփեղկ դուռը բերվել էր Բայազետից։ Դա Հին Բայազետի հայտնի բերդի դուռն է եղել։ Այժմ այդ դուռը պահվում է Երևանի պատմության թանգարանում։ Դուռը բերել է բայազետցի Մուխսի Սաքոն, ումից գնել է երևանցի Տեր-Վարդանը և նվիրել «Պողոս-Պետրոս» եկեղեցուն։

Եկավ 1930 թվականը։ Մի շարք եկեղեցիների հետ մեկտեղ՝ Երևանի ամենահին ու ամենաշքեղ եկեղեցին ևս պիտի քանդվեր։ Նրա տեղում կառուցվելու էր «Կուլտուրական կենտրոն», որն էլ ստանալու էր՝ ոչ ավել, ոչ պակաս, «Մոսկվա» անվանումը։ Մի շարք մտավորականներ ու անվանի մարդիկ ամեն ինչ անում էին, որպեսզի փրկեն եկեղեցին, սակայն անհնար էր պայքարել այդ համակարգի դեմ։ Ամենացավալին, սակայն, եկեղեցու որմնանկարների վիճակն էր, որոնք եկեղեցու քանդվելուց հետո մի երկար ժամանակ մնացին այդ տարածքում ընկած, փլատակների տակ։

Արխիվներում պահպանվել են հնագետ Աշխարհաբեկ Քալանթարի ու ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի դիմումները, ովքեր ամեն կերպ ցանկանում էին փրկել որմնանկարները, սակայն այդպես էլ ոչ մի հստակ պատասխան չստացան, և որմնանկարները երկար ժամանակ մնալով արդեն իսկ կառուցված կինոթատրոնի բակում, հետագայում տեղափոխվեցին մի շարք թանգարաններ։ Լավ է, որ գոնե եկեղեցու քանդման աշխատանքներից առաջ հատուկ հանձնաժողով է եղել, որ չափագրումներ է արել ու պահպանել է մի շարք մանրամասներ «Պողոս-Պետրոս»-ից։

Այժմ այս եկեղեցուց պահպանվել են միայն մի շարք ձեռագրեր, որմնանկարների պատառիկներ ու հրաշքով փրկված լուսանկարներ, որոնք պահպանվում են ինչ-ինչ արխիվների փոշոտ նկուղներում։ Եվ դրանք այդ շքեղ կառույցի միակ կենդանի հուշերն են, որոնց նայելիս՝ հասկանում ենք, թե ինչպե՞ս նախորդ դարը շատ կառույցների, մարդկանց, գաղափարների ու գրքերի հետ մեկտեղ՝ կործանեց նաև Երևանի զարդը՝ «Պողոս-Պետրոս» եկեղեցին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել