Aysor.am-ը գրում է.

Միանշանակ հայտարարել, որ այդ ցույցերն ուղղորդված էին՝ չեմ կարող, բայց այն, որ պահանջն անօրինական է՝ միանշանակ է, Aysor.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի նախկին մարզպետ, Իջևանից «Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Վահե Ղալումյանն, ով ներկա պահին էլ իր ծննդավայրում է գտնվում:

«Իհարկե, առաջին հայացքից զգացվում է, որ հնարավոր է ուղղորդված բողոք լինի, բայց ազնիվ լինելու համար պետք է նշեմ, որ իսկապես, այդ ակցիայի հիմքում սոցիալական խնդիր էլ կա: Բողոքողներից ոմանք տարիներ շարունակ անտառը բիզնեսի վերածած անօրինական ծառահատումներ են արել՝ ոչ թե սոցիալական հարց լուծելով, այլ՝ հարստանալով: Մարդիկ էլ կային, որ զուտ սոցիալական խնդիր ունեն: Այո՛, պետությունը պարտավորություն ունի անտառամերձ համայնքների բնակիչներին ապահովել ձմեռային վառելափայտով: Անտառում գոյություն ունեցող թափուկը պետք է ծառայի այդ մարդկանց պահանջներին: Հիմա անտառում չկա այնպիսի քանակություն, որ և՛ մարդկանց ձմեռվա վառելիքի պահանջներն ապահովեն, և՛ հետն էլ մարդկանց օրինական փաստաթուղթ տրամադրեն, որպեսզի կարողանան առքուվաճառքով զբաղվեն», - նկատեց մեր զրուցակիցը:

Անտառում գոյություն ունի երեք կարգի վառելափայտ. թափուկը, դրանից առանձնացված քամատապալ ձյունակոտորը և դրանից առանձնացված հատատեղերի վառելափայտը: Վերջինս մինչ այս վաճառվել է աճուրդների միջոցով, թափուկի, ձյունակոտորի ու քամատապալի համար փաստաթուղթ հատկացրել է անտառտնտեսությունը:

Հարցին՝ ինչո՞ւ հիմա այդ փաստաթղթերը չեն տրամադրում, պատգամավորն ընդգծեց՝ գերակշիռ դեպքերում մարդկանց հենց միայն անտառ մտնելու այցեքարտ-փաստաթուղթ է պետք, իսկ թե այնտեղ ի՞նչ են անում՝ այսօրվա անտառների վիճակն է հուշում:

«Իհարկե, բարեխիղճ մարդիկ էլ շատ են: Գիտեք, հիմնականում այն մարդիկ, ովքեր ձմռանը զուտ տաքանալու, վառելափայտի խնդիր ունեն, հասկանում են, որ այդ անտառն իրենցն է, ու պետք է ձգտենք մարդկանց սոցիալական պահանջներն ապահովել: Իսկ այն մարդն, ով բիզնեսի համար է անում՝ անտառ մտնելիս պետք է ավելի մոտիկից, ավելի հեշտ տեղից իր ուզած ծավալը վերցնի, որպեսզի բանվորին քիչ վճարի, վառելիքի համար քիչ վճարի ու շահույթ ապահովի: Դրա համար էլ ինչ-որ փաստաթուղթ են ուզում, որ իրենց ձեռքին լինի», - ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել