«Առողջ հոգում առողջ մարմին» պարզագույն կարգախոսը մշտապես ակտուալ է: Տարբերակները շատ են՝ լող, վազք, առավոտյան մարմնամարզություն, վերջերս այդ ցանկին գումարվեցին նաև ականջին անսովոր մի քանի նոր «մարզաձևեր»՝ փիլատեսն ու յոգան:

Մի խումբ բնապահպաններ, ֆեյսբուքյան ակտիվիստներ, յոգեր և ուղղակի հետաքրքրված մարդիկ հունիսի 21-ին հավաքվել էին Կասկադ համալրիրի շրջակայքում՝ իրականացնելու Հայաստանում առաջին յոգական ֆլեշ-մոբ: Արտասահմանում հրապարակներում ու այգիներում յոգայի դասերով զբաղվող փոքր ու մեծ խմբերին հանդիպելն արդեն ոչ ոքի չի զարմացնում: Հայաստանում յոգան նույնպես արագ տարածվեց: Այսօր արդեն գործում են յոգայի բազմաթիվ կենտրոններ, նույնիսկ ֆեդերացիա:

Հայաստանի Յոգայի ֆեդերացիայի ուսուցիչ Սվետլանա Ավագյանը, ով վարում էր կասկադյան յոգայի դասը, ասաց, որ նման ակցիա անցկացնելու կարիքը վաղուց կար: «Մեր ցանկությունն է՝ մարդիկ գան, տեսնեն ու, ոգևորվելով մեզնից, սկսեն իրենք էլ զբաղվել յոգայով, լինեն առողջ ու գեղեցիկ»: Հիսունի հասնող մասնակիցների թիվը ֆլեշ-մոբի կազմակերպիչները խանդավառությամբ ընդունեցին:

Երկու երեխաների մայր Հրաչուհին 5 տարի է՝ ինչ զբաղվում է յոգայով և նույնիսկ հղիության ընթացքում չի դադարեցրել պարապմունքները: «Երբ facebook-ում կարդացի ֆլեշ-մոբի մասին, շատ ուրախացա և որոշեցի, որ ոչ միայն ես եմ մասնակցելու, այլև երեխաներիս էլ եմ բերելու»: Նրա երկամյա դուստրը՝ Ալիսան, ոչ միայն հիանալի ճկունություն ու ակտիվություն էր դրսևորում, այլև ոգևորում մնացած մասնակիցներին:

Ի տարբերություն Հրաչուհու` մասնակից Անին յոգայով զբաղվում է երկու ամիս: Նա նշեց, որ մարդկանց հետ շփումն ու բացօթյա վարժությունները հնարավորություն են տալիս ձերբազատվելու բարդույթներից ու դրական լիցքեր են հաղորդում: Էկոակտիվիստ Հրանտ Դանդուրովն էլ իր հերթին ավելացրեց, որ ֆլեշ-մոբի հիմնական նպատակներից էր բնապահպանական խնդիրներին, մասնավորապես Թեղուտին անդրադառնալը: «Եվ դա բնական է, քանզի անհնար է աղտոտված ու հիվանդ բնության մեջ զբաղվել յոգայով, բուժել մարմինն ու հոգին: Առաջին հերթին պետք է բուժել բնությունը, որպեսզի մարդն ու բնությունը ներդաշնակ լինեն»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել