Armenpress.am-ը գրում է.

Ռումինական «Տարոմ» ազգային ավիափոխադրողը ապրիլի 3-ից ուղիղ չվերթներ կիրականացնի Բուխարեստ-Երևան ուղղությամբ. այս ուղղությունը հայաստանցիների համար մատչելի տարբերակ կլինի նաև տարանցիկ չվերթով եվրոպական այլ երկրներ այցելելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 18-ին կայացավ Հայաստանում նոր ավիափոխադրողի նորամուտի շնորհանդեսը:

«Թռիչքները սկսվելու են ապրիլի 3-ից՝ առայժմ շաբաթական երկու անգամ:  Հույս ունենք մինչ հունիս ամիս ավելացնել հաճախականությունը՝ հասցնելով մինչ 3-4-ի: Պահանջարկը, իհարկե, կա: Այն ավելի էժան տարբերակ է, քան կարող են առաջարկել գոյություն ունեցող մյուս ավիափոխադրողները, որոնք չվերթներ են կատարում դեպի Եվրոպա: Բուխարեստով Եվրոպա թռիչքաժամը մոտավորապես 1-1.5 ժամով ավելի քիչ է, քան Կիևով, Մոսկվայով»,-ներկայացրեց Հայաստանում ավիաընկերության ներկայացուցիչ Արարատ Մուրադյանը:

Նա նկատեց, որ հենց Ռումինիա գնացող ուղևորներն այդքան շատ չեն լինի սկզբնական շրջանում: Ավելի շատ կլինեն տարանցիկ չվերթներ: «Ունենք դեպի 16 քաղաք տարանցիկ չվերթներ Բուխարեստով: Բուխարեստում 1-4 ժամ սպասելով՝ կթռչեն 15-16 քաղաք, ԵՄ երկրների գրեթե բոլոր մայրաքաղաքներ»,-ասաց Մուրադյանը:

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը շեշտեց, որ «բաց երկնքի քաղաքականությունը» հնարավորություն է տալիս տարբեր ավիաընկերությունների մուտք գործել հայկական շուկա և իրականացնել թռիչքներ: Նա Երևան-Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթներ շատ կարևոր համարեց: «Այս ուղղությունը հնարավորություն է տալու բավականին կարճ ժամանակում դեպի եվրոպական այլ երկրներ գնալ, էժան ավիատոմսեր գնել, արագ հասնել Եվրոպա«,-ասաց նա։

«Տարոմ»-ի կոմերցիոն տնօրեն Ռոդիկա Կազանչուկի խոսքով՝ Հայաստանի և Ռումինիայի միջև կան շատ լավ հարաբերություններ: «Նպատակ ունենք ավելացնել չվերթների հաճախականությունը»,-ասաց նա ու հավելեց՝ նպատակ ունեն նաև ծանոթանալ Հայաստանի շուկայի առանձնահատկություններին:  

Հայաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Հորիա-Մարին Դրագիչի կարծիքով՝ այս ուղղությունը կարևոր է թե Հայաստանի, թե Ռումինիայի համար: Նա նկատեց, որ սա Հայաստանի համար Եվրոպային կապող ևս մեկ կամուրջ է։ Նրա կարծիքով՝ այս ուղղությունն ապագայում նաև ներդրումների հիմք կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել