Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամանորյա տոների նախաշեմին հիշեցրել է ճիշտ սնվելու մասին: Կազմակերպությունն իր կայքում զետեղել է հանձնարարականներ, որոնք կօգնեն տոնական խնջույքներից հետո նվազեցնել առողջության հետ կապված վտանգները։

Թեև առողջ սննդակարգի բաղադրությունը կախված է շատ գործոններից, այդ թվում՝ մարդկանց տարիքից, նրանց ակտիվությունից և սննդի առանձնահատկություններից, այնուամենայնիվ, բոլոր մշակույթների համար ընդհանուր կանոններ գոյություն ունեն, որոնց պետք է հետևել։

Ահա դրանք. սնունդը պետք է լինի բազմազան, հարկ է նվազեցնել աղի, շաքարի և որոշ տեսակի ճարպերի գործածումը, խուսափել ալկոհոլի վնասակար ներգործությունից: Խոսելով ոգելից խմիչքների մասին՝ ԱՀԿ-ի փորձագետները հարկ են համարել հիշեցնել, որ այն «առողջ սննդակարգի մաս չէ», սակայն «շատ մշակույթներում ամանորյա տոնակատարությունները զուգորդվում են մեծ քանակությամբ ալկոհոլի օգտագործմամբ»: Փորձագետները հայտարարում են, որ ալկոհոլի որևիցե անվտանգ բաժնաչափ չկա, և շատ մարդկանց համար գործածության նույնիսկ ոչ մեծ մակարդակը հղի է լուրջ վտանգով, ուստի հնարավորինս պետք է նվազեցնել ալկոհոլի քանակը, նախընտրելի է այն բնավ չօգտագործելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել