Armsport.am-ը գրում է.

«Լիվերպուլի» և Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահն աֆրիկյան ազգերի Գավաթի խմբային փուլի 5-րդ տուրի` Թունիսի հետ խաղից հետո (3:2) ներողություն է խնդրել թիմի պատանի երկրպագուհիներից մեկից, որ հաղթական գոլը խփել է միայն 90-րդ րոպեին:

Խաղի ընթացքում երկրպագուհին Սալահին հետևյալ պաստառն է նվիրել.

«Սալահ, խնդրում եմ գոլ խփիր:

Ես ցանկանում եմ տուն գնալ. պետք է տնային աշխատանքս կատարեմ»:

Եգիպտացի ֆուտբոլիստը Թվիթերի իր էջում կատարած գրառման միջոցով պատասխանել է երկրպագուհուն.

«Իսկապես փորձում էի այնպես անել, որ շուտ տուն գնաս: Ներողություն եմ խնդրում, որ ստիպեցի մնալ մինչև վերջին րոպեն: Հուսով եմ` ուսուցիչդ վաղը կհասկանա իրավիճակը»,- գրել է Սալահը:

Նշենք` այս հաղթանակի շնորհիվ Եգիպտոսի հավաքականը միավորներով հավասարվել է Թունիսին մրցաշարային աղյուսակում: Երկու թիմն էլ 12 միավոր ունի, և նրանք արդեն ապահովել են իրենց մասնակցությունը մրցաշարի եզրափակիչ փուլերում: Այս խմբում հանդես են գալիս նաև Սվազիլենդի և Նիգերիայի հավաքականները, որոնք մեկական միավոր են վաստակել:

Հաջորդ տուրում Եգիպտոսի հավաքականը 2019 թվականի մարտի 22-ին հյուրընկալվելիս կխաղա Նիգերիայի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել