Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում: Նա իր խոսքում անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին։ 

Արփինե Հովհաննիսյանի խոսքով` նախորդ տարիների համատեղ աշխատանքը կամուրջ է եղել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացման համար, և Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները և եզրակացությունները շատ կարևոր են եղել ժողովրդավարության ձևավորման գործում: Մենք հաջողեցինք իշխանության փոխանցում անցկացնել խաղաղ ճանապարհով։ Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցին, տիկին Հովհաննիսյանը նշել է. «Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցելու Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ` վարչապետի առաջարկած օրակարգով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք ունենք Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընդունելու լավ փորձ` հիմնված բոլոր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության համաձայնության վրա, որը, ի դեպ, առաջարկվել և ողջունվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից, ներկայումս մենք խորհրդարանում ձևավորել ենք այդպիսի ներառական աշխատանքային խումբ: Երկու օր առաջ Ազգային ժողովում բոլոր քաղաքական ուժերը հանդես են եկել հայտարարությամբ` արտահայտելով ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար աշխատանքային խումբ ստեղծելու և դրանում ներգրավվելու իրենց պատրաստակամությունը»:
ԱԺ փոխնախագահի խոսքով` մենք արդեն ունենք ընտրությունների անցկացման լավ փորձ, որը տեղի է ունեցել մեկ տարի առաջ, գնահատվել է որպես լավ կազմակերպված և որտեղ հիմնարար իրավունքները, ընդհանուր առմամբ, պահպանված են եղել: «Սա ոչ թե իմ գնահատականն է, այլ նաև միջազգային դիտորդական առաքելության, ներառյալ ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ինը: Այսպիսով, սա պետք է լինի այն հիմքը, որի վրա պետք է նոր ընտրություններն անցկացվեն», - նշել է Արփինե Հովհաննիսյանը:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի և ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ելույթներից հետո ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ընդգծել է, որ կարևոր է ընտրությունները կազմակերպվեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխան` ներառական և թափանցիկ ձևով, քննարկելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկությունները՝ կոնսենսուսի հասնելու համար և որպեսզի կուսակցությունները Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ ընտրություններին մասնակցելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել