Այսօր Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի այն հայտարարությանը, թե իրենք ունեն հակամիջոց, որով կարող են խոցել հայկական «Իսկանդեր» համակարգերը, և որ դրանք մոդելավորել են և ստացել դրական արդյունքներ: 

«Զաքիր Հասանովը աչքի է ընկնում դասակի հրամանատարից էլ ցածր մակարդակի գիտելիքներով, ինչը դրսևորել է բազմիցս: Այստեղ ևս պարոն Հասանովը հեռու չի գնացել: «Իսկանդեր» համակարգի հրթիռներին խոցելը, մեղմ ասած, անհնար է որևէ ադրբեջանական համալիրով: Ադրբեջանի սպառազինության մեջ կա իսրայելական «Բարակ» ԶՀՀ, որը նրանք ցուցադրել են, խոսք էր գնում նաև ավելի թույլ համալիրների` «Երկաթե գմբեթ»-ի ձեռքբերման մասին: Այս համալիրներից որևէ մեկն ի վիճակի չէ խոցել «Իսկանդեր»-ի հրթիռին: Զարմանալի է՝ աշխարհի ամենակատարյալ հակահրթիռային` «Ստանդարտ», «ԹՀԱԱԴ», «Փետրիոտ» համալիներ ունեցող ամերիկյան բանակի ներկայացուցիչները տասնյակ մոդելավորումներ անցելուց հետո էլ վստահորեն չեն խոսում Իսկանդերիներին խոցելու մասին:

Նրանք անթաքույց նշում են այս զինատեսակի մեծ վտանգի և գրեթե անխոցելիության մասին, իսկ Հասանովի համար այս հրթիռն արդեն հաղթահարված է: Մյուս կողմից որևէ զարմանալու բան չկա մի մարդու համար, ով չափազանց ցածր մասնագիտական գիտելիքներ ունի և աչքի է ընկնում դատարկախոսությամբ»,- նշեց Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել