Tert.am-ը գրում է.
 Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին առնչվող ներկա փուլում քննարկվող բանաձևը Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակն է, որը մշակվել է առնվազն համանախագահների 2008թ. ապրիլի 3-ի հայտարարությունից հետո, հետևաբար՝ գործող նախագահի օրոք: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը՝ մեկնաբանելով  Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու հեռուստատեսային հարցազրույցները։
 -Պարոն Բեքարյան, Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու հեռուստատեսային հարցազրույցները բավական լայն քննարկման առարկա դարձան՝ առավելապես Ղարաբաղի կարգավիճակին և բանակցային գործընթացի տարբեր փուլերին վերաբերող հարցերով: Խոսվում է նաև այն մասին, որ կան շատ անճշտություններ: Արդյոք ճի՞շտ է պնդումը, որ այսօր բանակցվող փաստաթուղթը, նույն 2007թ. Մադրիդյան սկզբունքներն են, որն էլ գրեթե նույնն է, ինչ բանակցվել է ամենասկզբում՝ «Փուլային», «Փաթեթային» տարբերակներում: Խոսքը հատկապես Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցի մասին է:  

-Կարծում եմ՝ մի հարցի շրջանակներում անդրադառնալ հարցազրույցում հնչած բոլոր անճշտություններին շատ բարդ կլինի, դրանց թիվն, իրականում, փոքր չէ: Բայց, քանի որ Ձեր հարցն առնչվում է ուղղակիորեն կարգավիճակին, կփորձեմ անդրադառնալ հենց այդ հարցին: Ի դեպ՝ որևէ կերպ չեմ մեկնաբանի ներկայացված մոտեցումները, տարաբնույթ թեզերը. հուսով եմ՝ հետագայում դրա համար ժամանակ և հնարավորություն դեռ կլինի: Բայց, կարծում եմ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, առավելապես Ղարաբաղի կարգավիճակի հարցի վերաբերյալ կարևոր է խոսել հստակ փաստերով, և ոչ թե տարբեր մեկնաբանություններով արհեստական շփոթ ստեղծել:

Ձեր հարցը կբաժանեմ երկու մասի:

Առաջինը՝ 1997թ. միջնորդների կողմից առաջարկված «Փուլային», «Փաթեթային» տարբերակները, և դրանց գրեթե նույնացումը «Մադրիդյան սկզբունքների» հետ։

Այստեղ երկար մեկնաբանության կարիք չկա: Վստահ եմ՝ մեր հանրությունը որևէ խնդիր չունի ծանոթանալու գաղտնազերծված «Փուլային», «Փաթեթային» տարբերակներին, որոնք առկա են նաև հայերեն թարգմանությամբ, և համեմատելու դրանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կողմից ներկայացված հետագա առաջարկների հետ:
 Հարցի երկրորդ հատվածը (որը նույնպես ունի, մեղմ ասած, անճշտություն, իրականում սխալ ներկայացում) այժմ սեղանին դրված առաջարկի և 2007թ. նոյեմբերին ներկայացված սկզբունքների մասին է:

 Անճշտությունը հստակ պատկերացնելու համար անդրադառնանք հետևյալին: 2007թ. նոյեմբերին առաջարկված «Մադրիդյան սկզբունքներից» հետո 2008թ. ապրիլի 3-ին եղել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարություն, որը պաշտոնական փաստաթուղթ է, և ես կտրամադրեմ նաև հղումը՝: Դրա նախավերջին պարբերության մեջ ասված է. «Համանախագահները վերահաստատել են իրենց աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և իրենց երկարաժամկետ մոտեցումը, որ հակամարտության խաղաղ կարգավորումը կպահանջի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցված քաղաքական փոխզիջում՝ թողնելով այն նրա բնակչության կողմից հետագա հաստատմանը»:

Այսինքն՝ բառացիորեն ասված է, որ Ղարաբաղի հանրությունը հանրաքվեի միջոցով իր մոտեցումը պետք է արտահայտեր բանակցությունների միջոցով սահմանված կարգավիճակի վերաբերյալ: Նորից Ձեր ուշադրությունն ուզում եմ հրավիրել այդ հայտարարության ժամկետի վրա՝ 2008թ. ապրիլի 3: Ինչու եմ հղվում այս հայտարարության վրա, որովհետև 2007թ. նոյեմբերից մինչև գործող նախագահի պաշտոնավարման շրջան այս հարցի շուրջ միջնորդների կողմից ավելի բարձր մակարդակի հայտարարություն կամ այլ փաստաթուղթ չունենք:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման շրջանը մեկնարկում է երդմնակալության արարողությամբ՝ 2008թ. ապրիլի 9-ին: Դրանից հետո այս հարցին շատ բարձր մակարդակով անդրադարձ արվել է միջնորդ երկրների ղեկավարների կողմից արդեն ԼԱկվիլայում (2009թ.)՝ նույնպես հղումը տրամադրում եմ՝: Փաստաթղթի նախաբանում ասվում է հետևյալը.  «Մենք հանձնարարում ենք մեր միջնորդներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ներկայացնել 2007 թվականի նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակ` Հիմնարար սկզբունքների նոր շարադրանքը համանախագահների կողմից»:
 Այստեղ արդեն կարելի է տեսնել, որ Հիմնարար սկզբունքները որոշակի փոփոխությունների են ենթարկվել, թարմացվել, կամ նորացվել են: Հասկանում ենք, որ դա եղել է բանակցությունների արդյունք: ԼԱկվիլայի փաստաթուղթը կարգավիճակի վերաբերյալ տալիս է հետևյալ ձևակերպումը. «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով»:
 Այժմ առաջարկում եմ այս երկու ձևակերպումները համեմատել. «Հակամարտության խաղաղ կարգավորումը կպահանջի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի շուրջ բանակցված քաղաքական փոխզիջում՝ թողնելով այն նրա բնակչության կողմից հետագա հաստատմանը» և «Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել