Յուրաքանչյուր տղամարդ գիտի, որ տարեդարձի օրը կամ ապրիլի 7-ին կինը ծաղիկներ, տոնական ընթրիք եւ լվացված սպասք է ակնկալում: Ինչ-որ բան տղամարդուն նաեւ հուշում է, որ հարկավոր է նվեր պատրաստել իր ընտրյալի, ինչպես նաեւ մոր, գործընկերուհիների, դուստրերի, հնարավոր է նաեւ հարեւանուհու համար: Իսկ ահա ի՞նչ նվիրել…
Տղամարդիկ միշտ ձգտում են ընթանալ ավելի դյուրին ճանապարհով. խանութում ձեռք բերել վաճառողուհիների կողմից արդեն պատրաստված նվեր, օրինակ՝ կոսմետիկա: Միանգամայն հնարավոր է, որ փաթեթավորված բազմաթիվ շշիկների մեջ կինն իր համար որեւէ օգտակար բան կգտնի, ասենք, ձեռքի կրեմ, իսկ իրենը հենց նախօրեին վերջացել էր: Իսկ ահա փաթեթի մեջ ներառված բարակ եւ թուլացած մազերի համար նախատեսված շամպունը լավագույն դեպքում կօգտագործվի որպես լոգարանի փրփուր, վատագույն դեպքում՝ կվիրավորի բավական խիտ մազերի տիրուհուն: Այդ պատճառով էլ՝ ո՛չ պատրաստ նվերներին եւ կեցցե՛ ստեղծագործական միտքը:
Տղամարդիկ, հիշե՛ք, կանայք ձեզանից անակնկալ են սպասում: Եթե ձեզ համար դժվար է գուշակել սիրելիի ցանկությունները, իսկ անակնկալի միտքը գլխացավանք է, մի մտահոգվեք, դուք միայնակ չեք:
Նաեւ մի մոռացեք, որ թանկագին նվերն այն չէ, որի համար դուք շատ դրամ կվատնեք, այլ այն, ինչը ցանկանում է ստանալ կինը: Այնպես որ մի վախեցեք հարցնել ձեր սիրելիին, եթե չգիտեք՝ ինչ նվեր ընտրել, որը նա կցանկանար ստանալ: Ի դեպ, աղջիկները, ովքեր ձեր հանդեպ լուրջ մտադրություններ ունեն, թանկագին նվերներ չեն պահանջի՝ ձեզ անհարմար դրության մեջ չդնելու համար:
Եվ եթե անգամ դուք կնոջ կողմից որոշակի նվեր ստանալու մասին ոչ մի ակնարկ չեք նկատել, տխրել պետք չէ: Մեր ժամանակներում խանութների դարակները ճկվում են հնարավոր նվերների ծանրությունից: Խանութում կարող եք ընտրել լավ վարսահարդարիչ կամ մատնահարդարման միջոցների հավաքածու: Կարելի է օծանելիք ընտրել, բայց միայն այն դեպքում, եթե շատ լավ գիտեք ձեր սիրելիի ճաշակը: Լավ նվեր են նաեւ գեղեցիկ ժամացույցը կամ կաշվե պայուսակը: Կարող եք նաեւ զարմացնել ձեր կնոջը գեղեցիկ ներքնազգեստով: Իհարկե, վերջնական արդյունքը կախված է հիմնականում ձեր երեւակայությունից եւ ֆինանսական հնարավորություններից, սակայն NEWS.am STYLE-ը վստահ է՝ ձեր կանայք գոհ կմնան:



