Ապրիլի 6-ին Մարզահամերգային համալիրում կկայանա Սիրուշոյի և «Եվրատեսիլ 2013»-ում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Սուջյանի համերգը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Դորիանս» ռոք խմբի մամուլի պատասխանատու Դիանա Հովհաննիսյանը: Նրա խոսքով` համերգը կկայանա ժամը 19.00-ին «Միասին` մեկ բեմում» խորագրով:

«Անակնկալներ են սպասվում, հանդիսատեսին կմատուցվի ռոք և փոփ ոճի, ինչպես նաև՝ ազգային երաժշտություն, բայց արդյոք նրանք համատեղ հանդես կգան, թե ոչ, հանդիսատեսը կիմանա միայն համերգի ժամանակ: Տոմսերը վաճառքի կհանվեն մարտի 20-ից»,- ասաց նա:

Դ. Հովհաննիսյանի խոսքով` մինչև ապրիլի 6-ը «Դորիանսը» կպատրաստվի համերգին, որից հետո կկենտրոնանա «Եվրատեսիլ 2013»-ի նախապատրաստական աշխատանքների վրա: «Արդեն նկարահանվել է «Lonely planet» երգի տեսահոլովակը, որի պրեմիերան կկայանա մյուս շաբաթ, այսօր ստացվել է Լոնդոնից երգի վերջնական տարբերակը: Առաջիկա օրերին «Դորիանսը» կկենտրոնանա համերգի վրա, և չեմ կարծում, որ համերգի և մրցույթի նախապատրաստական աշխատանքները կխանգարեն իրար»,- ասաց Դ. Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2013» երգի միջազգային մրցույթում Հայաստանի մասնակից «Դորիանս» ռոք խմբի մենակատար Գոռ Սուջյանը կներկայացնի «Lonely planet» երգը: Քիչ առաջ Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի ունեցավ երգի ընտրությունը` ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:

«Lonely planet» երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, երաժշտությանը` Blach Sabbath անգլիական ռոք խումբը:

Նախորդող հրապարակում` Սիրուշոյի և Գոռ Սուջյանի անակնկալը ապրիլի 6-ից շուտ կլինի (Տեսանյութ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել