Քաղաքական  մեկնաբան

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ-ը ավագանու ընտրություններին կմասնակցի առանձին ցուցակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարը ապրիլի 13-ին է, իսկ կուսակցությունների, դաշինքների գրանցումը մարտի 11-21-ը, ամենայն հավանականությամբ, Լ. Զուրաբյանը նկատի ունի ՀԱԿ-ի՝ որպես դաշինքի, մասնակցությունը:
Սակայն այս դեպքում ևս մի շարք հարցեր են առաջ գալիս: Ինչպես հայտնի է, Կոնգրեսում որոշումները կայացվում են կոնսենսուսային ձևով: Այդ դեպքում դեռևս պարզ չի այդ հարցում, թե ինչպիսի քննարկումներ են ընթացել ՀԱԿ խորհրդի նիստում այն դեպքում, երբ «Ազգային վերածնունդ» և «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունների ղեկավարները «Ժառանգություն» կուսակցության հետ միասնական ցուցակով գնալու բանակցություններ են վարում, իսկ ՀԺԿ-ի քարտուղարը հայտարարում է, որ իրենց խորհրդի նիստում որոշվել է, որ «ՀԺԿ կմասնակցի ընտրություներին, եթե քաղաքական ուժերի համախմբում լինի»: «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի և Նիկոլ Փաշինյանի մոտեցումները ևս որոշակիացված չեն:
Այն, որ ՀԱԿ-ում ճգնաժամի ռիսկ առաջացնող առանցքային խնդիրներից մեկը կոնսենսուսային ձևով որոշումներ կայացնելու հարցն էր, վաղուց է հայտնի, այդ մասին նույնիսկ բարձրաձայնել է Լևոն Զուրաբյանը, սակայն թե ում անունից կամ ում որոշման հիման վրա է Լևոն Զուրաբյանը հայտարարում, թե որոշվել է առանձին մասնակցել ավագանու ընտրությունների, մնում է անհայտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել