Ռուսաստանի հատուկ ծառայությունները կկարողանան գաղտնալսել Skype-ի միջոցով արված զրույցները և կարդալ նամակագրությունը: Այս մասին գրում է «Վեդոմոստի» պարբերականը:

«Peak Systems» ընկերության տնօրեն Մաքսիմ Էմն ասել է, որ 2011թ.-ի մայիսին, երբ Microsoft-ը գնեց Skype-ը, ընկերությունը ի սկզբանե համալրել է այն օրինական գաղտնալսման սարքավորմամբ, և ցանկացած օգտատիրոջ կարելի է հատուկ ռեժիմի միջոցով գաղտնալսել կամ կարդալ նրա նամակագրությունը:

Microsoft-ի այս ծառայություններից օգտվում են նաև այլ երկրներում, սակայն Microsoft-ի, ինչպես նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչները որևէ կերպ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս խոսակցությունները մի քանի ամիս առաջ են սկսվել, այն բանից հետո, երբ Microsoft-ը գնեց Skype-ը և հայտարարեց, որ իրենք համագործակցելու են բոլոր ուժային կառույցների հետ: Հայաստանի Հանրապետությունն, ըստ մասնագետի, այս առումով ևս բացառություն չէ:

«Հարցն այն է, որ այդ ուժային կառույցները դժգոհ են Skype-ի նման ծառայություններից: Մի կողմից նրանք իրավունք ունեն գաղտնալսում անել, մյուս կողմից՝ սերվիսը տեխնիկական հնարավորություն չի տալիս դրա համար: Տարիներ առաջ այս հարցը ԱՄՆ-ում քննարկվում էր ու նման ծառայություն տրամադրողներին փորձ արվեց մտցնել օրինական դաշտ, ինչպես ասենք, արվեց հեռախոսի դեպքում»,- ասաց նա:

Ս. Մարտիրոսյանի խոսքով` Skype-ը քիչ թե շատ ապահով էր համարվում, քանի որ քիչ խոցելի էր հաքերային հարձակումների տեսանկյունից: «Ընդհանրապես, եթե խուսափում ես նման բաներից, պետք է չգրանցվել նման ծառայություններ մատուցող կայքերում»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել