Ազատության հրապարակում հրմշտոց է. Ոստիկանները խոչընդոտում են վրանի տեղադրումըԱյս պահի դրությամբ Ազատության հրապարակում Զարուհի Փոստանջյանի, Հովսեփ Խուրշուդյանի, Նիկոլ Փաշինյանի, Ստեփան Սաֆարյանի, հրապարակում հավաքվածների ու ոստիկանության աշխատակիցների միջև հրմշտոց է սկսվել։

Նշենք, որ «Ժառանգության» ներկայացուցիչները փորձել են վրան տեղադրել Ազատության հրապարակում, ինչին խոչընդոտել են Ոստիկանության աշխատակիցները՝ նշելով, որ վրանի տեղադրումն ապօրինի է։

Հավաքվածները Դավիթ Սանասարյանի խնդրանքով սկսեցին երգել ՀՀ հիմնը, որ ոստիկաններն իրենց բաց թողնեն ու վերջ տան հրմշտոցին։

Այժմ նրանց է մոտեցել ոստիկանության ավելի բարձր աշխատակիցն ու բանակցում է Հովսեփ Խուրշուդյանի, Ռուբեն Հակոբյանի ու Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակցի հետ, ով նշում է, որ ոստիկանության գործողություններն օրինաչափ չեն։

Ռուբեն Հակոբյանը հայտարարում է, որ իրենք շարունակելու են իրենց գործողությունները։

Այդուհանդերձ, բանակցությունները բավական խաղաղ շարունակվում են։

Ոստիկանության մայոր Օսիկյանը բացատրում է, թե ինչու իրենք չեն կարող թույլ տալ վրանի տեղադրումը։ Նա նշել է, որ վրանի տեղադրմամբ խախտվում են այլոց իրավունքները և թույլտվությունն էլ պետք է ստացվի ոչ միայն քաղաքապետարանից, այլև Մշակույթի նախարարությունից։ Նա նշում է, որ իրենք բազմիցս զգուշացրել են, որ նման գործողություններն անօրինական են լինելու, և ներկայիս վրանի տեղադրումը սադրիչ գործողություն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել