Araratnews.am-ը գրում է.
ՄԵծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համմոնդն այլեւս իր շներին փողոց չի թողնում, որպեսզի նրանց պաշտպանի Լարրի կատվից, Դաունինգ սթրիթում վարչապետի նստավայրի մկների գլխավոր որսողին, հայտնում է The Daily Mail–ը։
Մի քանի օր առաջ Համմոնդը իր շներին՝ վելշտերիեր Ռեքսին ու տաքսա Օսկարին տեղափոխել է իր նստավայր, որը վարչապետի տան կողքին է գտնվում, ու հենց այնտեղ էլ շները բախվել են իրենց ապագա հարեւանի հետ։
«Այս կատուն ամենուրեք է։ Խեղճ շները չեն կարողանում նույնիսկ տան շուրջը հանգիստ զբոսնել։ Լարին շատ կռվարար է։ Իսկ նախարարի տաքսան շատ փոքր է, ու եթե հանկարծ նրանք սկսեն կռվել՝ պարզ չէ, թե դա ինչով կավարտվի»,- պատմել է Համոնդի ընտանիքի բարեկամը։
Սկզբում վարչապետի նստավայրում էին անհանգստանում, որ նախարարի շները կարող են վնասել կատվին, սակայն Լարին միանգամից հասկացրել է, որ ոչ թե ինքը, այլ շները մտահոգվելու պատճառ ունեն։ Համոնդն իր ընկերներին պատմել է, որ ինքը ստիպված է եղել շներին սենյակում փակել, որպեսզի չհանդիպեն կատվին։
Լարին Դաունինգ սթրիթում է հայտնվել 2011-ին Դեւիդ Քեմերոնի պաշտոնավարության ժամանակ, նրան կատուների ապաստանից էին այնտեղ բերել «մկնային սկանդալի» ժամանակ, երբ կրծողները գրոհել էին Դաունինդ սթրիթի վրա։ Լարին, ստանալով Դաունինգ սթրիթի գլխավոր մկներ որսողի պաշտոնը, շուտով դարձել է աշխարհի ամենանշանավոր կատուն։ Նա իր էջն ունի Twitter–ում, գրեթե 100 հազար բաժանորդներով։



