Երեկ երեկոյան ժամերից հանրապետության մի շարք շրջաններում տեղում է ձյուն: Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը Գավառում հասնում է 20սմ, Հրազդան, Ֆանտան, Ծաղկաձոր հատվածներում 15-18սմ: Այս մասին հայտնում են ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից:
Կեսօրից հետո ցիկլոնի ուժը կրկնակի կթուլանա, ինչի արդյունքում կթուլանա նաև տեղումների ինտենսիվությունը, բայց դրանք ժամանակ առ ժամանակ կշարունակվեն մինչև հոկտեմբերի 19-ը ներառյալ: Հոկտեմբերի 20-ից շրջանների զգալի մասում տեղումները կդադարեն, բայց Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ամպամածությունը, իսկ առանձին հատվածներում նաև թույլ տեղումները կպահպանվեն: Վաղը օդի ցածր ջերմային ֆոնը կպահպանվի, սակայն հոկտեմբերի 20-23-ին ջերմաստիճանը հատկապես ցերեկային ժամերին կբարձրանա 4-6 աստիճանով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Գեղարքունիքի մարզում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագածի տարածաշրջանում, Թալինի տարածաշրջանի լեռնային գյղերում, Կոտայքի մարզի Հրազդան և Չարենցավան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Ամասիա գյուղում, Լոռու մարզի Ստեփանավան, Տաշիր և Վանաձոր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Դժվարանցանելի են Երևան-Սևան ավտոճանապարհի 25-30 կմ-ը, Սոթք-Քարվաճառ, Դիլիջան-Սևան (թունելի սկզբնամաս) ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:



