Մեզանից յուրաքանչյուրի կյանքում թեկուզ մի անգամ քթից արյուն է եկել: Հիմնականում արյուն է գալիս քթի խոռոչի առաջնային հատվածներից: Այդ երևույթը հազար ու մի պատճառ ունի, որոնք երբեմն զանազան հիվանդություններ են մատնանշում:
Դրանցից են`
-
Արյան մակարդելիության խանգարում, հեմոռագիկ դիաթեզ:
-
Վիտամինային անբավարարություն, առաջին հերթին C վիտամինի պակաս: Այդ երևույթի հետ նաև անոթների փխրունություն է առաջ գալիս և քթից արյունահոսում է նույնիսկ աննշան վնասվածքների դեպքում:
-
Գերհոգնածություն, սթրես, անքնություն:
-
Քթի խոռոչի լորձաթաղանթի չորություն, որը կարող է կապված լինել նաև մասնագիտության կամ էլ ժառանգականության հետ: Ընդ որում՝ այդ դեպքում քթի մեջ կեղևկալում է:
-
Մրսածությամբ պայմանավորված կամ էլ վիրուսային հիվանդությունների հետևանքով՝ գրիպ, ադենոիդ, սուր քթաբորբ:
-
Օրգանիզմի գերտաքացում, ջերմային կամ արևահարություն:
-
Սրտանոթային հիվանդություններ, արյան բարձր ճնշում, աթերոսկլերոզ, անոթային խանգարումներ:
-
Ալերգիկ հիվանդություններ, որոնց դեպքում ալերգածինն ազդում է քթի լորձաթաղանթի վրա, ինչի հետևանքով անոթները լայնանում են:
-
Քթում պոլիպների առկայություն:
-
Հորմոնալ հավասարակշռության խախտում` կապված հղիության, սեռահասունացման ու հիվանդության հետ:
-
Օդի՝ չափից դուրս չորություն:
Հիվանդության ծագման հետ կապված` ընտրվում է համապատասխան բուժում: Եթե արյունահոսությունն արյան բարձր ճնշման հետ է կապված, ապա ճնշումը պետք է կարգավորել: Կոտրվածքների դեպքում նախ պետք է վնասվածքաբանը հետազոտի, իսկ եթե պատճառը պոլիպն է կամ ուռուցքը, ապա դրանք պետք է վիրաբուժական ճանապարհով հեռացվեն: Իսկ եթե վերջերս եք վերադարձել արտասահմանից և հաճախակի եք արյունահոսություն ունենում, որն ուղեկցվում է դողով ու ջերմությամբ, ապա դա կարող է մալարիայի ազդանշան լինել:
Ի՞նչ կարելի է անել արյունահոսությունը դադարեցնելու համար
Փորձեք խուճապի չմատնվել, որովհետև հուզմունքից սիրտն ավելի հաճախ է բաբախում: Ավելի լավ է նստել ու թեթևակի գլուխն առաջ հակել, սառույց դնել քթի միջնապատին կամ էլ ջեռակ` ոտքերին, այդ դեպքում արյունը գլխից դեպի ոտքերը կհոսի:
Եթե արյունահոսություն է սկսվել, ոչ մի դեպքում չի կարելի գլուխը հետ գցել, քանի որ այն կարող է շնչուղիների մեջ լցվել: Մի՛ պառկեք, մանավանդ առանց բարձի, ոտքերը վեր մի՛ բարձրացրեք, քանի որ արյան հոսքը դեպի գլուխ կուժեղանա: Արյունահոսության կանգից հետո մի՛ շտապեք անմիջապես ինչ-որ բան ուտել կամ թեյ ու սուրճ խմել․ դրա հետևանքով կարող է ճնշումը բարձրանալ ու արյունահոսությունը կրկնվել: Ռունգերը սեղմեք ու քթանցքի մեջ ջրածնի գերօքսիդի մեջ թրջած բամբակ դրեք:



