Տեղատարափ անձրևներն ու ուժգին քամիները դարձել են Հունաստանի արևմուտքում հեղեղումների պատճառ: Պելոպոնեսում մահացել է 3 մարդ՝ հայտնում է Skai հեռուստաալիքը։
Վերջին օրերին եղանակը վատացել է Հունաստանի շատ շրջաններում, սակայն տարերային աղետի հիմնական հարվածը հասել է արևմտյան և հյուսիսային շրջաններ։ Պելոպոնես թերակղզու Կալամատա շրջանում մի քանի գյուղ ծածկվել է ջրով։ Զոհերից մեկը հաշմանդամ կին է, ով չի կարողացել զանգահարել փրկարար ծառայություն։
Տարածաշրջանային իշխանությունները հայտնել են, որ ջուրը բարձրացել է 2 մետրով։ Արգելափակված են մնում 7 բնակավայրեր և ուսանողական կենտրոն, որտեղ 80 երեխա է գտնվում, նրանց վտանգ չի սպառնում։
Փոթորկոտ քամին արմատախիլ է արել ծառեր, պոկել հոսանքալարեր։ Մի քանի տասնյակ լուսացույցներ դուրս են եկել շարքից, ինչը երթևեկությունը վերածել է քաոսի։
Այսօր երկրի ողջ տարածքում սպասվում են տեղումներ։