Tert.am-ը գրում է.
Սուպերմիջին քաշային կարգի WBO վարկածով աշխարհի չեմպիոն, աշխարհահռչակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Tert.am-ի հետ բացառիկ հարցազրույցում շնորհավորելով կանանց ու աղջիկներին` մայրության ու գեղեցկության տոնի առթիվ, նշեց, որ կանայք հզոր են:
«Այնպիսի տղամարդ չկա, որ կարող է երեխային գրկած` կիլոմետրերով քայլել»,- ասաց Արթուր Աբրահամը: Անդրադառնալով Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարելիք աղմկահարույց այցին, ասաց.«Չեմ կարծում, որ մի մարդ իրեն ինտերնետում մերկ ի ցույց է հանում, վատ վիդեոներ տեղադրում ու ամբողջ աշխարհը դրանք կարող է դիտել, այդ մարդը Հայաստանի Հանրապետությունում յուրահատուկ մարդ լինելու իրավունք ունի: Բայց եթե այդ այցը ինչ-որ օգուտ կարող է տալ Հայաստանին, թող գա»:
-Արթուր, համամի՞տ եք կարծիքի հետ, որ իրականում թույլ սեռը տղամարդիկ են, քանի որ կանայք շատ ավելի ուժեղ են, դիմացկուն, համբերատար:
-Իհարկե, կանայք շատ ուժեղ են, տղամարդը չի կարող երեխային գրկած՝ կիլոմետրերով քայլել: Ինձ թվում է՝ այդպիսի տղամարդ չկա, որ ինչպես մայրը իր երեխային կտաներ, այդպես տանի: Բայց տղամարդն էլ ունի իր ուժեր կողմերը, երկուսն իրար հետ շատ ուժեղ են: Բայց դե կանայք հզոր են:
-Կանայք առհասարա՞կ, թե հայ կանայք:
-Ընդհանրապես կանայք:
-Իսկ հայ կանանց, մեր ազգային առանձնահատկությունների մասի՞ն ինչ կասեք:
-Ես ունեմ մամա, ով հայ է, և ես հպարտ եմ, որ իմ մաման հայ է։ Ես միշտ ասել եմ՝ բոլոր ազգերը լավն են, բայց հայը յուրահատուկ է: Դե իսկ առանձնահատկությունները... Մենք ունենք ուրիշ կուլտուրա, ուրիշ պահվածք, ուրիշ դաստիարակություն։ Մերը մի քիչ ուրիշ է՝ իրար հետ կապվածությունը` ծնող, երեխա, մարդկությունը, գնալ-գալը, ամեն ինչը: Ամեն ինչը յուրահատուկ է։ Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ մեր կանանց ու մայրերի տոնը, հատուկ՝ իմ մայրիկի տոնը, և ես հպարտ եմ, որ իր պես մայրիկ ունեմ:
-Ձեր անձնական կյանքի հետ կապված ի՞նչ կարող եք ասել։ Որքանով տեղյակ եմ՝ նշանված եք:
-Ես շատ եմ ուշացրել այդ հարցը, բայց, այո, հարսնացուիս մատանին դրել ենք և մոտակա ամիսներին կամուսնանանք:
-Հայաստանո՞ւմ:
-Այո:
-Ավանդական հայկական հարսանի՞ք եք անելու, թե՞ …
-Նորմալ, ոնց որ բոլորը: Դե չեմ ասում շատ ավանդական, «հին» ձևերով: Նորմալ, որ բոլորի համար հաճելի լինի:
-Ձեր հարսնացուի անունը նպատակահարմա՞ր եք գտնում հրապարակայնացնել:
-Իմ ընտրյալը հայ է, իսկ անունը ավելի լավ է չասեմ:
- Ձեր այս հայտարարությունից, Ձեր կարծիքով, շա՞տ հայ աղջիկները տխրեցին:
-Չէ, ինձ թվում է՝ ուրախացան, որովհետև ժամանակն է, որ ես երեխաներ ունենամ: Ինձ թվում է՝ երեխայից առավել մեծ հարստություն գոյություն չունի:
-Կցանկանայիք, որ Ձեր առաջնեկը լիներ աղջի՞կ, թե՞ տղա:
-Իմ երազանքն է ունենալ երեք տղա, մեկ աղջիկ: Բայց եթե լինի երեք աղջիկ, մեկ տղա, էլի երջանիկ կլինեմ:
-Աշխարհը գլոբալիզացվում է, մարդիկ փոխվո՞ւմ են, նաև «հին ու բարի ժամանակների» Հայաստանը՝ նոր բարքեր և այլն:
-Իհարկե, ժամանակները փոխվում են, և աշխարհում ոչ մի տեղ ոչ ոք հին սիստեմով չի ապրում: Մարդիկ էլ փորձում են ապրել կամ ապրում են ժամանակին համապատասխան: Հայաստանն էլ է շատ զարգացել, ու այդպիսի պետություն չկա, որ իր թույլ և ուժեղ կողմերը չունենա: Եվ մենք էլ մեր ընթացքով առաջ ենք գնում, ու իմ կարծիքով` ամեն ինչ փոխվում է դեպի լավը, ավելի է գեղեցկանում: Իհարկե, դա դեռ քիչ է, մեզ չի կարելի համեմատել ԱՄՆ-ի, Ռուսաստանի կամ Գերմանիայի հետ: Ես, օրինակ, ամեն գալուց փոփոխություն գտնում եմ, բայց դե միշտ էլ եղել է աղքատությունը։ Ես չեմ ուզում այս տխուր թեմաներով խոսել:
-Մարդկային հարաբերությունները հին, երևանյան, նախկին հարաբերություննե՞րն են:
-Գոնե իմ հարաբերություններում՝ այո: Փոփոխություններ միշտ կան՝ և՛ բացասական, և՛ դրական: Օրինակ՝ մաքրության առումով դրական է, չէ՞: Նաև մարդկանց դրսում պահվածքը, իրար հետ շփվելը:
-Կարծո՞ւմ եք, որ Հայաստանում ժամանակակից եվրոպական սերունդ է հայտնվել:
-Այո, մեր էս ջահել սերունդն արդեն կարելի է համարել ոչ թե եվրոպական, այլ ուրիշ «սիստեմի»: Ինչպես օրինակ՝ մեր ծնողներն ուրիշ ձևով են ապրել, մենք՝ ուրիշ, մեր երեխաներն էլ՝ ուրիշ: Սա բնական է:
-Հիմա Հայաստանում շատ բուռն քննարկվում է ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը` գրեթե բոլոր մակարդակներում։ Մի մասը վրդովված է, թե ինչու նրա անձին ու այցին այդքան շատ կարևորություն է տրվում, մի մասն առաջարկում է պրագմատիկ լինել, նշում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը Քիմի հետ իր հեռավոր ազգակցական կապը հիշեցնում է հայ ընտրողներից ձայներ հավաքելու համար: Դուք ի՞նչ կասեք, հայաստանյան արձագանքները նորմա՞լ են՝ հայկական մենթալիտետի շրջանակներում:
- Իհարկե, նորմալ արձագանքներ են, բայց եթե մի մարդ իրեն մերկ ինտերնետում ի ցույց է հանում, վատ վիդեոներ տեղադրում, ու ամբողջ աշխարհը դրանք կարող է դիտել, ինձ թվում է` այդ մարդը Հայաստանի Հանրապետությունում յուրահատուկ մարդ լինելու իրավունքը չունի: Բայց եթե այդ այցը ինչ-որ օգուտ կարող է տալ Հայաստանին, թող գա: Բայց ես կարծում եմ, որ այդ մարդը, որին կարելի է դիտել որոշ կայքերում… Ես էլ բան չեմ ասում, բայց ինձ հեռու եմ պահում նման մարդուց:

