Tert.am-ը գրում է.
Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Ստամբուլում կայանալիք միջոցառումների շրջանակում Սոցիալիստ-հեղափոխական բանվորական կուսակցությունը մի քանի տարբեր ժողով-քննարկումներ է կազմակերպելու:
Ինչպես տեղեկացնում է թուրքական demokrathaber կայքը, դրանք տեղի են ունենալու ապրիլի 8-12-ին:
Ապրիլի 8-ին կայանալու է առաջին քննարկումը՝ «Առերեսվել 1915-ին» խորագրով: Այդ նիստի ընթացքում ելույթով հանդես կգան մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Էրեն Քեսքինը, «Ակօս» թերթի լրագրող Օհաննես Քըլըչդաղըն, նախկին պատգամավոր Ուֆուք Ուրասը:
Ապրիլի 9-ին կայանալիք քննարկմանը մասնակցելու են Բիլգի համալսարանի սոցիոլոգիայի բաժնի պրոֆեսոր Արուս Յումուլը, հետազոտող, գրող Ումիթ Քուրթը: Քննարկում է ծավալվելու «Ցեղասպանության տնտեսական քաղաքականությունը» խորագրով:
Ապրիլի 11-ի քննարկմանը մասնակցելու է գրող, հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն: Քննարկման ընթացքում խոսվելու է 1915-ին մահապատժի դատապարտված Սոցիալ- դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչ հայ սոցիալիստների մասին:
Իսկ ապրիլի 12-ին Օզգյուր Սևգի Գյորալն ու Ռոնի Մարգուլիեսը կմասնակցեն «Ազգայնականություն. իշխող կարգի ավանդույթը» խորագրով քննարկմանը:
Նույն օրը տեղի է ունենալու նաև մեկ այլ քննարկում՝ «Թուրքիայի Հանրապետությունը՝ բանտ ազգերի համար» խորագրով, որի ընթացքում ելույթ են ունենալու Ջաֆեր Սոլգունը, էրոլ Դորան, Ֆերհաթ Բաքըրջըօղլուն, Ֆերհաթ Քենթելն ու այլք:



