Tert.am-ը գրում է.

Այսօր հայ կինը ընտանիքի խնդիրների մեծ մասը վերցրել է իր ուսերին, աշխատում ու պահում է իր ընտանիքը, սակայն զարմանալի է, որ բոլոր ղեկավարող դիրքերում պաշտոնների 90%-ը շարունակում են զբաղեցնել տղամարդիկ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց երգահան Լիլիթ Պիպոյանը։

«Հայաստանը շարունակում է լինել տղամարդու երկիր, և երբ կինը մի օր որոշում է գործունեություն ծավալել, պաշտոնյա մի տղամարդ իրեն չի վերաբերվում իբրև հավասարի։ Այսօր կնոջ հաստատումը մեր հասարակության մեջ շարունակվում է, ու այդ գործընթացը դանդաղ է տեղի ունենում»,-ասաց նա։

Լիլիթ Պիպոյանը նաև նշեց, որ այսօր ընտանեկան բոլոր խնդիրները գալիս են բացառապես երկրի սոցիալ-տնտեսական վիճակից։

Երգչուհի Ալլա Լևոնյանն էլ նկատեց, թե տարիներ առաջ, երբ կանայք չէին աշխատում, բոլորը խոսում էին այդ խնդրի մասին, իսկ հիմա երբ աշխատում են, բոլորն ասում են, թե բեռ են վերցրել իրենց վրա։

«Բնականաբար մեր հասարակության մեջ ինչ-որ խարխլված բան կա, բայց հայ կինը կարող է ինքնամոռաց նվիրվել ընտանիքին ու ամուսնուն, որ ընտանիքում խնդիրներ ու խոսակցություններ չլինեն։ Սրանով է հայ կինը տարբերվում աշխարհի մյուս կանանցից։ Բայց, իմ կարծիքով, ընտանիքում տղամարդու դերակատարությունը փոքր-ինչ մեծ պետք է լինի, այդ դեպքում ամեն ինչ ավելի ճիշտ է լինում»,-ասաց նա։

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն էլ նշեց, որ այսօր դպրոցներում հիմնականում աշխատում են կին մանկավարժները, և այստեղ էլ կանայք են իրենց վրա վերցրել սերունդներին դաստիարակելու ու կրթելու գործը։

«Ուսուցչի աշխատանքը դժվարին է, և ես տեսնում եմ կանանց հզոր ուժը։ Դարերի մեջ արժևորվել է ընտանիքը, այդտեղից էլ ունենք ամուր դպրոց ու ամուր պետություն։ Դա գենային ժառանգություն է։ Ընտանիքը սրբորեն պահպանել ու պահպանել է պետք»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել