Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ. այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ազգային ժողովի նախագահի ուղերձում ասված է.

«Սիրելի մայրեր, ընդունեք, խնդրեմ, ջերմ շնորհավորանքներս Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում բազմազավակ մայրերին և որդեգրած երեխաների համար հարազատ մայր դարձած կանանց:

Մայրերի ճակատագրերը մշտապես կապված են հայրենիքի պատմության հետ: Դարերի ընթացքում նրանք ամուսիններին մղել են սխրանքների, երեխաներին դաստիարակել հայրենասիրության ոգով, անհրաժեշտության դեպքում իրենք մարտնչել որպես զինվոր: Սակայն մոր ամենամեծ առաքելությունն ու առավելությունը ընտանեկան այն ջերմ միջավայրի ստեղծումն ու պահպանությունն է, որ ամբողջ կյանքում ուղեկցում է մեզ և փոխանցվում մեր երեխաներին:

Այս տոնը հարգանք է մեր հոգևոր ու բարոյական արժեքների հանդեպ, որոնք անխզելիորեն կապված են մոր կերպարի ու էության հետ, որովհետև սիրել մորը, նշանակում է սիրել ընտանիքը, հայրենի հողը, ժողովրդին, պաշտպանել հայրենիքը և արժևորել ապագան:

Մաղթում եմ ձեզ, սիրելի մայրեր, առողջություն, երջանկություն և բարեկեցություն: Թող ձեր ընտանիքներում միշտ խաղաղություն, համերաշխություն և լավատեսական տրամադրություն լինի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել