Վրաստանում հարգել են Գյումրիի սպանդի զոհերի հիշատակըSlaq.am-ը գրում է․

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հունվարի 21-ին կատարվեց հոգեհանգստյան արարողություն եւ մոմավառություն՝ ի հիշատակ հունվարի 19-ին մահացած 6-ամսեկան Սերյոժա Ավետիսյանի եւ հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի մյուս անդամների:

Եկեղեցու պատին դրվեցին Սերյոժա Ավետիսյանի լուսանկարը եւ մանկական խաղալիքներ: Եկեղեցու սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը, հոգեհանգստյան պաշտոնից հետո դիմեց արտասվող ժողովրդին եւ կոչ արեց մխիթարվել Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակով եւ վիշտը հաղթահարել աղոթքով:

Մահվան ճիրաններում յոթ օր գտնվող փոքրիկ Սերյոժայի մահը փոթորկել էր վիրահայության հոգիները, ովքեր սփոփանք գտան երեխայի եւ Ավետիսյան ընտանիքի բոլոր անդամների հիշատակին մեկական մոմ վառելով: Հավատացյալները աղոթք բարձրացրին առ Աստված՝ նման ոճրագործություններից փրկելու եւ զոհվածների հոգու խաղաղության համար:

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյան ընտանիքի անդամների հիշատակին հոգեհանգստյան պաշտոն եւ մոմավառություն կատարվեց Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի եկեղեցիներում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել