1in.am-ը գրում է․

FotorCreatedk1

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո մի խումբ առաջնային կարևորության ապրանքատեսակներ կթանկանան: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից ներկայացված ցանկը գլխավորում է կահույքը, մասնավորապես՝ գրասեղան, պահարաններ, մահճակալ, մատրաս, աթոռներ, բազկաթոռներ, փայտյա կահույքի խնամքի միջոցներ և այլն:

Այս թանկացումների մեթոդաբանության հիմքում արժեքի նկատմամբ մաքսատուրքի աճն է: Այժմ Հայաստանում գործող և ԵՏՄ մաքսային դրույքաչափերի տարբերությամբ վերոնշյալ ապրանքների թանկացումը կտատանվի 5-ից մինչև 12.9 տոկոսի սահմաններում:

«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց կահույք ներկրող ամենախոշոր ընկերություններից մի քանիսի հետ՝ հասկանալու համար, թե այս պահի դրությամբ ինչ հաշվարկներ կան թանկացումների հետ կապված, արդյոք քննարկումներ և առաջարկներ իրենց ընկերությունների կողմից եղե՞լ են, թեկուզ որոշ ժամանակ մեր երկրի մաքսատուրքով աշխատելու և այլ տարբերակների հետ կապված:

«Հիմա չենք կարող գների մասին որևէ բան ասել, բանակցություններն ընթանում են, և մենք փորձում ենք որևէ օպտիմալ տարբերակ գտնել»,- տեղեկացրեց «Բոգարտ» ինտերիերի սրահի մարքեթինգի բաժնի աշխատակիցը:

«Մեկ» կահույքի սրահից էլ հայտնեցին, որ իրենք այս պահին սպասողական վիճակում են և գների մասով սկսելու են աշխատել տոներից հետո:

«Մեզ մոտ այս պահին թանկացումներ չկան, իսկ լինելու դեպքում էլ ավելի շատ պայմանավորված կլինի դոլար-ռուբլի-դրամ հարաբերակցությամբ, քան մաքսային միության դրույքաչափերով»,- նկատեց «Կլայկ» կահույքի խանութ-սրահի մարքեթինգի բաժնի աշխատակիցը:

Ավելի պատկերավոր՝ միջին շուկայական գներով ճաշասեղանի մեկ աթոռն արժե 50 հազար դրամ, մաքսատուրքի 5 տոկոս աճի դեպքում այն կթանկանա 5000 դրամով: Ի դեպ, ըստ ներկայացված ցանկի՝ ամենից շատ կթանկանան փայտյա կահույքի խնամքի միջոցները՝ 12.9 տոկոս: Օրինակ՝ եթե կահույք մաքրող Furniture Cleaner միջոցն այժմ արժե 3540 դրամ, ապա կթանկանա մոտ 400 դրամով:

Հիշեցնենք, որ ԵՏՄ՝ Հայաստանի միանալու պայմանագրով նախատեսվում է 752 ապրանքների համար մաքսատուրքերի չփոփոխման ժամանակահատված՝ ըստ մաքսատուրքերի և ժամկետների ժամանակացույցի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել