1in.am-ը գրում է․

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Երևան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ նորակառույց հիպերմարկետի ձախ հատվածում առավոտյան ժամը 8:00-ից հերթ է գոյանում, որը տևում է մինչև երեկոյան 19:00-ը: Այստեղ գործարար, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին օրական երեք լավաշ է անվճար բաժանում: Բնակիչները պարտադիր ներկայանում են անձնագրերով՝ յուրաքանչյուր ընտանիքից մեկ հոգի:

Հերթերն ուղեկցվում են համայնքի բնակիչների վիճաբանությամբ, ցրտին ժամերով իրենց հերթին սպասելով:

Էմմա տատը մենակ է ապրում, ամեն օր մեկ ժամից ավելի հերթի է սպասում, բայց չի դժգոհում: Երեք լավաշը նրան բավականացնում է. «Ես օրը մի հատ եմ ուտում, ինձ հերիքում ա, բայց եթե շատ նաֆար ես ունենում, ո՞նց կհերիքի: Ես էլ մնացած լավաշները չորացնում եմ, որ հետո կարող ա հաց չլինի, թրջեմ ուտեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էմմա տատը՝ շնորհակալություն հայտնելով Սամվել Ալեքսանյանին նման բարեգործության համար:

Էմմա տատի թոշակը 30000 դրամ է, որից 15000-ը տալիս է կոմունալ ծառայություններին, իսկ 15000 դրամով սուրճ ու թեյ է կարողանում գնել ու հետո նորից պարտք է անում մինչև մյուս ամսվա թոշակը ստանա:

«Ոնց որ բոմժ լինենք, գալիս ենք, կծկված կանգնում երեք հատ լավաշի համար: Մեկի սիրտն ա վատանում, շտապօգնություն ենք կանչում…»,- նեղսրտած նշեց նա:

Ամանորյա գնումներ էլ չի անի, տոլմա կպատրաստի, օղի կդնի, հարևաններին կընդունի:

Հերթում կանգնած բնակիչները նշեցին, որ լավաշի շնորհիվ ամսվա հաշվով 8000 դրամ են տնտեսում: Նրանք չթաքցրին, որ թե՛ նախկինում, թե՛ հետագայում ընտրություններին իրենց ձայնը կտան Սամվել Ալեքսանյանին:

Անվճար լավաշ երկու ամիս է՝ ինչ բաժանում են այս համայնքում:

«Պարոն Սամվելից շատ շնորհակալ ենք, որ մեզ էսքան օգնում ա ամեն հարցում. և՛ հիվանդներին, և՛ հիվանդանոցներին, և՛ անձնական, եթե մոտենում ես, բավարարում ա: Շատ գոհ ենք պարոն Սամվելից, որ այսպիսի բաներ է կազմակերպում»,-ասաց նա՝ հավելելով, որ թող ամբողջ աշխարհը իմանա, որ էդ մարդը լավ բան է անում ժողովրդի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել