1in.am-ը գրում է․
Սիրիայի Հալեպ քաղաքը վերջին օրերին ամբողջությամբ շրջապատված է այս անգամ ազգային պետական բանակի կողմից, որը օղակը փակել է քաղաքի շուրջը, և զինյալ ընդդիմադիրները մնացել են քաղաքում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:
«Քաղաքում մնացած բավական թվով զինյալ ընդդիմադիրները ռմբակոծեցին ու հրթիռներ արձակեցին խաղաղ բնակչության վրա: Սիրիայի օրինական բանակը քաղաք չի մտել, դրսում է, դրա համար քաղաքում 2 օր շարունակ ցույցեր են ընթանում, որի մասնակիցները պահանջում են, որ բանակը նաև քաղաքի ներսում բնակչությանը պաշտպանի, որովհետև շրջափակման մեջ հայտնված զինյալ խմբավորումները հենց ժողովրդին են վնասում ու սպանում»,- ընդգծեց Սելիմյանը:
Հարցին՝ ինչպիսի՞ն է սիրիահայության, մասնավորապես հալեպահայության վիճակն այս պահին, Սելիմյանը պատասխանեց. «Իրականում վիճակը բավական վատ է, ժողովուրդը սարսափի մեջ է: Դրանից բացի, Սիրիան տնտեսական մեծ պատիժներ է կրում, Ռուսաստանի դեմ ուղղված պատժամիջոցներն էլ նկատի ունենալով՝ դոլարի փոխարժեքն այստեղ բավական բարձրացավ, ինչի հետևանքով գնողական արժեք ունեցող ապրանքներն ու սնունդը կտրուկ թանկացան: Այս առումով վերջին շրջանում քաղաքից գաղթ կա, որը հայ ժողովրդի պարագայում քիչ ավելի զգալի է նկատվում, հատկապես որ բանակը պահեստազորի զինվորներին ներգրավելու օրենք է հրապարակել: Այն երիտասարդները, որոնք իրենց զինվորական ծառայությունը կատարել էին, հիմա մինչև 42 տարեկանը տակավին ենթակա են բանակ զորակոչման: Այս դժվարությունը ստիպում է ընտանիքներին, որոնք այդ տարիքի տղամարդիկ ունեն, գաղթել ու հեռանալ Հալեպից»:
Անդրադառնալով Հալեպում մնացած հայության թվին՝ Հարություն Սելիմյանը նշեց, որ հաշվի առնելով սիրիահայերի շրջանում օժանդակությունների բաշխման թվերը՝ Հալեպում հիմա մոտավորապես 12 հազար հայ է մնացել: «Եթե բանակի նոր օրենքը, որը վերաբերում է պահեստազորի մինչև 42 տարեկան անձանց բանակ զորակոչելուն, իրականանա, Հալեպում շատ հայ չի մնա: Այդ տարիքի տղաներ ունեցող ընտանիքները չեն ցանկանա մնալ Սիրիայի տարածքում ու կհեռանան»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է սիրիահայերի սոցիալական վիճակին, Սելիմյանն ընդգծեց, որ այսօր Հալեպում աշխատանք ընդհանրապես չկա, որ մարդիկ կարողանան վաստակ ունենալ և պահել իրենց ընտանիքները: «Ժողովուրդը միայն սպասման վիճակում է, որովհետև քաղաքը ամբողջությամբ շրջափակման մեջ է: Ոչ մի արարած չի կարող քաղաք մտնել կամ քաղաքից դուրս գալ: Բացի այդ, Հալեպ-Դամասկոս միջազգային նշանակության ճամապարհին ընդդիմադիր զինյալները մի գյուղաքաղաք են գրավել, և դա սպառնալիք է ճանապարհով անցնողների համար: Այն մարդիկ, որոնք փորձեն այդ ճանապարհով քաղաքից հեռանալ, մեծ դժվարություններ կունենան: Այսինքն՝ հիմա հալեպահայությունը նույնիսկ Հայաստան չի կարող գալ, որովհետև եթե որևէ ընտանիքում 18-42 տարեկան տղամարդ կա, նա չի կարող լքել քաղաքը»,- ընդգծեց Հարություն Սելիմյանը:



