Երեկ Հ1–ի հյուրն էր Բագրատ Ենգիբարյանը` «Ձեռնարկությունների Ինկուբատորի» տնօրենը, և զրույցի թեման էր Գյումրիի Տեխնոպարկը։ Գյումրիում Տեխնոպարկի հիմնումը շատ ոգևորիչ փաստ է. ըստ 2010–ի տվյալների` Գյումրվա բնակչությունն ընդամենը 140.000 էր, իսկ նմանատիպ ծրագրերի կիրառման դեպքում միգուցե ավելանա կամ գոնե մնա նույնը։ Հուսանք։ Տեխնոպարկը տեղակայվել է նախկին Մանկավարժական ինստիտուտի վերանորոգված շենքում։ Այնուհանդերձ, ուզում եմ հիշել մի այլ շինություն, որը Գյումրիի ամենագեղեցիկ և հին շենքերից մեկն է՝ Ձիթողցյանցների տունը, և որի անվան հետ է կապված 20–րդ դարի մեծագույն մտածող Գեորգի Գուրջիևի անունը։ Ձիթողցոնց տունն այժմ Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան է, և նրա մասին հիշելն այսօր շատ արդիական է, քանի որ վաղը Թանգարանների օրն է, իսկ այսօր երեկոյան կսկսվի Թանգարանային գիշերը։ Ահա ուրեմն, Գուրջիևը Ձիթողցոնց տանն է անց կացրել իր մանկության զգալի մասը, քանի որ Ձիթողցյաններն ազգական էին նրան մոր կողմից։ Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվին Ալեքպոլում կառուցել այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը՝ կարմիր և սև տուֆի գեղեցիկ համադրումով: Նրանք առաջին գիլդայի հայտնի վաճառականներ էին, և այդ տունը պե՛տք է գեղեցիկ լիներ։ Այսօր այն թանգարան է, ուր ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը: Գտնվում է քաղաքի կենտրոնում և հիմնադրվել է 1984 թվականին:

Թանգարանը բաժանվում է 2 մասի, որոնք գտնվում են բակի հակառակ կողմերում: Թանգարանի առաջին սենյակում Գյումրիի հայտնի դեմքերի լուսանկարներն են: Այստեղ կահավորանքը պահպանվել է ինչպես Ձիթողցյանների օրոք` դաշնամուրն իր տեղում, որը բերված է եղել Իտալիայից և կահույքի մնացած մասը, որոնք բերվել են Ռուսաստանից, Եվրոպայից։ Գյումրվա արվեստի հազվագյուտ ձեռագործ գորգերը նույնպես այստեղ են գտնվում:
Երկրորդ սենյակում հին Գյումրիի բազմաթիվ նկարներ կան, հին Ալեքսանդրապոլի քարտեզ-մակետը:
Այցելելով այս թանգարա՝ն կարող ենք նաև կատարել մի փոքրիկ ճանապարհորդություն` 19-րդ դարի Հայաստանից դեպի հետ 150 տարի առաջ գոյություն ունեցող մշակույթով հարուստ Հայաստան:
Մուտքը վճարովի է` 1000 դրամ: Թանգարան մուտք գործելու դեպքում կարող ենք նաև լուսանկարներ անել:




