1in.am-ը գրում է.
Ամերիկյան Տեխաս նահանգի նահանգապետ Ռիք Փերին չի բացառել 2016-ին երկրում կայանալիք նախագահական ընտրություններին իր առաջադրումը:
Փերին պայքարել է Հանրապետական կուսակցությունը 2012-ի նախագահական ընտրություններում ներկայացնելու իրավունքի համար և նույնիսկ մի պահ մրցապայքարի առաջատար համարվել: Սակայն նա արշավի ժամանակ թույլ է տվել մի շարք սխալներ, որոնք զգալիորեն նվազեցրեցին նրա ժողովրդականությունն ու ստիպեցին դադարեցնել պայքարը:
«Կարծում եմ՝ Ամերիկան այն տեղն է, որտեղ մարդկանց երկրորդ հնարավորությունն է տրվում»,- հայտարարել է 64-ամյա Փերին կիրակի NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Փերին Տեխասի նահանգապետի պաշտոնը զբաղեցնում է արդեն ավելի քան 13 տարի: 2000 թվականին նա այդ պաշտոնում փոխարինել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերին: Նա նահանգում բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծել: Փերիի լիազորությունները լրանում են 9 ամսից:
Ապրիլին Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը՝ Ջորջ Բուշ կրտսերի եղբայրը, նույնպես չէր բացառել իր մասնակցությունը նախագահական ընտրություններին:



