Boris-Navasardyan1in.am-ը գրում է.

«Այս տարի մամուլի ազատության օրը մենք դիմավորում ենք առանձնապես քիչ փոփոխված վիճակում: Այն, ինչ կարելի էր ասել մեկ տարի առաջ՝ կարելի է ասել նաև այսօր, լավ են զարգանում առցանց լրատվամիջոցները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

Ինչ վերաբերում է տպագիր լրատվամիջոցներին, ապա Նավասարդյանի խոսքերով՝ ազատության առումով նույն վիճակն է, իսկ լսարանի մեծացման մասին խոսք լինել չի կարող: Տպագիր մամուլի առումով, ըստ բանախոսի, լսարանի նվազում կա, հեռուստատեսությունը ևս, նրա կարծիքով, նույն վիճակում է գտնվում:

«Հիմա տեղի է ունենում այն, ինչ կանխատեսում էինք՝ որ հեռուստաընկերությունների կողմից իրենց հիմնական առաքելության կատարման հարցում թերացումը բերելու է նրան, որ այլ երկրների հեռուստատեսային ալիքներին ավելի մեծ նախապատվություն է տրվում: Հիմա Հայաստանում՝ աշխարհում տեղի ունեցող զարգացումների առումով ավելի շատ իմանում են ռուսական լրատվամիջոցներից»,- նկատեց Նավասարդյանը:

Բացի այդ՝ բանախոսն ընդգծեց, որ մենք մտնում ենք այնպիսի տարածաշրջան, որտեղ խոսքի ազատությունը հիմնական արժեքներից չէ. «Եթե Freedom House-ի ընդհանուր զեկույցը նայենք ապա ամբողջ աշխարհում անկում է, բայց վատագույն տեղը հենց Եվրասիան է, որտեղ խոսքի ազտությունը ամենալուրջ մարտահրավերների է հանդիպում: Հայաստանը նույնպես ռիսկերի առաջ է կանգնում:

Նորություն չէ, որ խոսքի ազատության իմաստով Հայաստանը ոչ ազատ երկիր է 2002 թվականից: Եթե համեմատենք այս տարվա ցուցանիշները վերջին տասներկու տարիների հետ, այնքան էլ վատ չէ: Ես կարծում եմ, որ Freedom House-ի մեթոդաբանությունը օբյեկտիվ է»:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը ազատ մամուլ ունի, Նավասարդյանը պատասխանեց. «Մենք ունենք խմբագրություններ, որոնք ազատ են, բայց նրանք ցավոք ամենահաջողը չեն»:

Չկա՞ Հայաստանում մամուլ, որի հետևում մի օլիգարխ կանգնած չլինի՝ դիտարկմանը Բորիս Նավասարդյանը հակադարձեց. «Կա, բայց ես անուններ չեմ նշի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել