1in.am-ը գրում է.

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է Արթուր Մկրտչյանի գործի դատական քննությունը:

Այս գործով նույն դատարանում անցած տարվա հոկտեմբերին արդեն երեք հոգի դատվել են: Նրանց նկատմամբ համաներում է կիրառվել, ու երեքն էլ ազատվել են սահմանված պատիժների կրումից, երեքն էլ ազատ են արձակվել դատարանի դահլիճում:

Նրանցից մեկը՝ Գևորգ Սերոբյանը, հիմա վկայի կարգավիճակ ունի, իսկ մյուս երկուսը՝ Արթուր Ազիզյանն ու Կարեն Սուրբնշանյանը գործով տուժողներն են: 

Ներկա ամբաստանյալ Արթուր Մկրտչյանը մեղադրվում է այդ երկու տուժողներին դանակահարելու և կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ պատճառելու համար:

Արթուր Մկրտչյանն ավելի ուշ է հայտնաբերվել: Դրա համար էլ նրա մասով գործը նոր է քննվում ընդհանուր իրավասության դատարանում: 

Դեպքի պահին 17-ամյա Արթուր Մկրտչյանը և Գևորգ Սերոբյանը՝ դպրոցականներ, իսկ տուժողներ Ազիզյանն ու Սուրբնշանյանը 21 տարեկան են եղել:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2013 թվականի փետրվարի 28-ին դպրոցականներ Գևորգ Սերոբյանի, Արթուր Մկրտչյանի վեճը իրենցից մեծ երիտասարդների՝ Ազիզյանի և Սուրբնշանյանի հետ ծագել է «բարևելու» հետ կապված հարցերով: 

Վիճաբանությանն այնպիսի նշանակություն են տվել, որ շարունակել են նաև հաջորդ օրը՝ մարտի 1-ին: Ժամը 15-ի սահմաններում կողմերը հանդիպել են Ս. Տարոնցու փողոցում գտնվող «Մաղիս» խանութի մոտ:

Օրը ցերեկով փողոցի մարդաշատ մասում աղմկոտ վիճաբանություն է եղել, երկկողմանի հայհոյանքներ են հնչել, Գևորգը մետաղե խողովակով հարվածներ է հասցրել հակառակորդներին:

Վերջիններս, որ մոտ ութ րոպե նույնպես ակտիվ խուլիգանական գործողություններ են կատարել, ի վերջո տուժել են դանակի հարվածներից, որոնք, ըստ մեղադրանքի՝ նրանց հասցրել է այժմյան ամբաստանյալ Արթուր Մկրտչյանը: 

Տուժողների առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ Ազիզյանի որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վերք, Սուրբնշանյանի կրծքավանդակի ծակած-կտրած, պնևմաթորաքս առաջացրած վերք:

Արթուր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրված երկու հոգու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 258 հոդվածի 4-րդ մասով:

Արթուր Մկրտչյանի խափանման միջոցը կալանավորումն է: 

Ամբաստանյալ Մկրտչյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այդ պատճառով ապացույցների հետազոտումը կատարվում է հետևյալ հերթականությամբ՝ տուժողներ, վկաներ, գործով ձեռք բերված ապացույցներ և փաստաթղթեր, վերջում՝ ամբաստանյալի հարցաքննություն:

Այսօր վերջին հարցերին պատասխանեցին տուժողները: Պաշտպանական կողմի հարցին, թե տեսե՞լ է՝ ինչպես է դանակով հարվածել Արթուր Մկրտչյանը, տուժողը պատասխանեց, որ կռվի թոհուբոհի մեջ չի տեսել, չի էլ զգացել սկզբում, իրեն հարվածել են հետևից: Բայց երբ տուն է հասել, հայրը տեսել է վերքը և ասել է, որ ներքին լուրջ վնասվածք ունի, անհապաղ պետք է տանեն հիվանդանոց: Այդպես էլ արել են:

Պաշտպանական կողմը տուժողին հարցրեց նաև, թե լսե՞լ է Արթուրի ձայնը, նա հայհոյանքներ հնչեցրե՞լ է:

Տուժողը տարակուսեց, թե կռվի աղմուկի մեջ չէր կարող տարբերել՝ երկու օրվա ծանոթ Արթո՞ւրն է հայհոյում, թե՞ ուրիշ մեկը: «Էդ կռվի պահին երգիչ Թաթուլի ձենն էլ չէի տարբերի»,- ասաց երրորդմասցի տուժողը: Թաթուլի՝ որպես չափանիշի հիշատակումով էլ տուժողի հարցաքննությունն ավարտվեց:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ չէր ներկայացել մի ժամանակ ամբաստանյալ, այժմ վկա Գևորգ Սերոբյանը:

Արթուր Մկրտչյանի դեմ ցուցմունք տված վկաներից մեկը գտնվում է պաշտպանության տակ, «փակ» վկա է: Նրա հարցաքննությունը կանցկացվի փակ պայմաններում: 

Փողոցային կռիվների գործերով սկսել են օգտագործվել պաշտպանության տակ գտնվող «փակ» վկաների ցուցմունքները: Մեր իրականության մեջ մարդիկ վախենում են բացեիբաց ցուցմունքներ տալուց: 

Հաջորդ նիստին կշարունակվի գործով վկաների հարցաքննությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել