1in.am-ը գրում է.

ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը կտրուկ դատապարտել է Ուկրաինայի հարցում Մոսկվայի դիրքորոշումը՝ նշելով, որ Ուկրաինայի արևելքում ինքը տեսնում է ղրիմյան սցենարի կրկնություն՝ մեկ ամիս տարբերությամբ: Այս մասին հայտնում է BBC-ն:

«Մենք Ռուսաստանին կոչ ենք անում միանալ հակամարտության լիցքաթափմանը և ՄԱԿ ԱԽ այլ անդամների հետ վճռականորեն դատապարտել ապակայունացման փորձերը, որոնք ձեռնարկվում են Ուկրաինայի արևելքում զինված խմբավորումների կողմից»,- հայտարարել է դիվանագետը:

Արոն ցանկություն է հայտնել, որ ապրիլի 17-ին Ժնևում կայանալիք Ուկրաինայի, ԵՄ-ի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ քառակողմ հանդիպումն անցնի կառուցողական մթնոլորտում և օգնի ճգնաժամից ելք գտնելուն:

ՄԱԿ ԱԽ հանդիպումը գումարվել էր Ռուսաստանի խնդրանքով, սակայն Մոսկվայի դիրքորոշումը 15 անդամ երկրներից ոչ ոք չի աջակցել: Միայն Ռուանդայի և Չինաստանի կողմնակիցներն են չեզոք դիրքորոշում գրավել:

Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Ավստրալիան հանդես են եկել Ուկրաինայի իրադարձություններում Ռուսաստանի դերի կտրուկ դատապարտմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել