Աչքներս լույս, համաձայն «Հայկական ժամանակի», այս տարվա հոկտեմբերի 1-ից «Գազպրոմ» ընկերությունը կտրուկ թանկացնելու է գազի գինը Հայաստանի համար՝ դարձնելով այն 1000 խմ-ի համար 280 դոլլար։ Հիշեցնեմ, որ մինչ օրս գազի գինը 180 դոլլար էր, թեև մեր մաքսայինն ծառայությունը ներկայացնում է, իբր 220 դոլլար է (դա բա ժողովրդին չթալանե՞ն մի քիչ)։

Հիմա բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն ըստ ամենայնի Գազպրոմը ետ չի կանգնի իր որոշումից, դեռ ավելին, խոսակցություններ կան, որ 2013 թվականի հունվարի 1-ից գազի գինը կրկին է թանկանալու՝ հասնելով 1000 խմ-ի դիմաց 320 դոլլարի։ Սա իր հերթին նշանակելու է, որ քանի որ մեր օլիգարխները ամենևին էլ տրամաադրված չեն կորցնելու գերշահույթի իրենց աղբյուրը, գազի գինը կհասցնեն ընդհուպ մինչև 360 դոլլարի։

Եթե մենք չունենային այսպիսի անողնաշար պետական համակարգ, ապա այս խնդիրը հեշտ լուծելի կլիներ, բայց քանի որ Հայաստանում վաճառվում է ամեն ինչ ու ամեն ոք, հատկապես վերևներում, ապա ցավով արձանագրում եմ, որ ըստ ամենայնի, մեզ մնում է ավելի ձիգ կապել առանց այն էլ ձիգ կապված մեր գոտիներն ու պատրաստվել թանկացմանը։

Թերևս այս ամենի մեջ մենակ մի հարց է հուզում ինձ։ Եթե Ռուսաստանը որոշել է հերթական ստորությանը գնալ՝ արդարանալով, որ միջազգային գների է բերում գազի գինը, ապա ինչու՞ մենք չենք կարող նույն միջազգային նորմերի վրա հենվելով պահանջել, որպեսզի Ռուսաստանի վճարի ռազմաբազայի վարձակալության համար, ընդ որում ճիշտ այնքան, որքանով կթանկանա գազը..

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել