1in.am-ը գրում է.
Տոներից առաջ պիոդերմիայով վարակված Գյումրիի Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում բնակվող Մուրադյանների ընտանիքը լիովին ապաքինվել է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ հիվանդությունն առաջինը հայտնաբերվել է Մուրադյանների հարսի՝ 5 երեխայի մայր, 23-ամյա Աիդա Ստեփանյանի մոտ: Երեխաներից 4-ը տեղափոխվել էին հիվանդանոց՝ ստացիոնար բուժման:
Արաքսյա Կիրակոսյանի խոսքով՝ և երեխաները, և նրանց մայրը ներկայումս լիովին առողջ են:
«Նրանք անցել են համապատասխան բուժման կուրս: Ընտանիքի նկատմամբ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի կողմից հատուկ հսկողություն է սահմանվել: Քանի որ երեխաները փոքրահասակ են, բժիշկներն իրենք են պարբերաբար այցելում Մուրադյաններին՝ հնարավոր խնդիրներից խուսափելու համար»,- ասաց նա՝ հավելելով, որ հիվանդության հետքերը հանրակացարանում իսպառ վերացված են:
Հիշեցնենք, որ բացի Մուրադյանների ընտանիքից՝ պիոդերմիայով վարակվել էին հանրակացարանի այլ բնակիչներ ևս:



