Ծեր լինեք թե երիտասարդ,  կյանքում փոփոխություններ մտցնելու համար երբեք ուշ չէ: Սոսկ պարտականություններ կատարելու փոխարեն փորձեք իրականացնել ձեր երազանքները: Լուսանկարիչ Քայլի Սփարին հենց այդպես էլ վարվել է: Նա իր համար բացահայտել է, որ բալետի գծով ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ցանկանում է լինել լուսանկարիչ:

«Երբ պարապմունքներն ավարտվեցին, ես գիտակցեցի, որ ես այլ ուղի պիտի ընտրեմ: Այդ ժամանակից ի վեր ես փնտրում էի մի ոլորտ, որտեղ կարող էի ներդնել իմ ողջ ստեղծարարությունը: Մի քանի տարի առաջ ես ուժերս փորձեցի լուսանկարչության ոլորտում: Դրանից հետո ես երբեք հետ չեմ նայել»,-լուսանկարիչն այս տողերը գրել է իր վեբկայքում: Պրոֆեսիոնալ բալետում ունեցած նրա փորձը պարզորոշ կերպով դրսևորվում է նրա լուսանկարչական աշխատանքներում: Նրա սյուրռեալիստական և անրջային նկարների մոդելներն աչքի են ընկնում վայելչագեղությամբ, էլեգանտությամբ և գեղեցիկ կեցվածքով:  

Այս նկարներում պատկերված նազելի օրիորդների սքանչելի տեսքն ավելի է ընդգծվում նրանց զգեստների ծածանվող փեշերի և այն մշուշոտ ու անրջային միջավայրի շնորհիվ, որտեղ նկարներն արվել են: Բարեբախտաբար, Սփարին համաձայնել է պատասխանել մեր որոշ հարցերին: Նրա պատասխանները ներկայացված են լուսանկարների տակ:  

Ես կարծում եմ, որ մեծ  համարձակություն է պահանջվում մասնագիտություն փոխելու համար, սակայն ինձ համար ավելի սարսափելի կլիներ շարունակել զբաղվել մի այնպիսի բանով, որն իմ տարերքը չէ: 

 Ես գաղափար անգամ չունեի, թե ինչով կարող էի կամ ինչով պետք է զբաղվեի, ես միայն զգում էի, որ ես պետք է փնտրեմ և գտնեմ, թե ինչն է ինձ համար ավելի հոգեհարազատ:  

Տարիներ պահանջվեց հասկանալու համար, թե ինչն է ինձ իսկապես ոգեշնչում: Երբ լուսանկարն այնպես է ստացվում, ինչպես ես եմ պատկերացնում, հոգիս լցվում է ցնծությամբ: Ես այնքան մեծ էներգիա եմ ստանում և հրճվում, որ կարող եմ ապրել և ստեղծագործել: 

Ես չէի գիտակցում, որ պարն ինձ համար ներշնչանքի աղբյուր է, մինչև որ մարդիկ չսկսեցին ասել ինձ այդ մասին: Այսպիսով, դա ինձ մոտ անգիտակացաբար էր ստացվում: Այժմ ես հասկանում եմ, որ պարի շնորհիվ ես իմ լուսանկարներում ճշգրտորեն եմ պատկերում մարմնի գծերը և շարժումը: 

Ես ձգտում եմ ցույց տալ էմոցիաները և մարդկային հարաբերությունները, ինչպես նաև միայնությունն իր տարբեր դրսևորումներով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել