1in.am-ը գրում է.
Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը զրուցեց Հելոուինի նշանակության մասին՝ ասելով, որ դա ընդամենը երևույթ է, ոչ թե տոն: Հայ առաքելական եկեղեցին որևէ դիրքորոշում չունի այս տոնի վերաբերյալ, քանի որ այն չի գալիս մեր արմատներից:
Ինչպես փաստեց նա՝ Հելոուինը պարզապես մարտահրավեր է. «Այն կելտական ծագում ունի, որը Եվրոպայից թափանցեց ԱՄՆ, դարձավ աղանդի նման մի բան և մեզ հետ որևէ կապ չունի»:
Նա փոխանցեց, որ դրա փոխարեն մենք ունենա շատ գեղեցիկ տոն՝ Բարեկենդանը: Իսկ Հելոուինը խրախճանքի պես մի բան է, որը դատարկության շուրջ է պտտվում. «Այն իրենից ներկայացնում է դդում՝ մեջը լույսեր վառած: Ասում են՝ ինչ է եղել, թող երիտասարդները ուրախանան, սակայն այդ ուրախությանը կարելի է հասնել մաքրությամբ, աղոթքով և հավատքով»:
Քահանան նշեց, որ այժմ Հելոուինի կազմակերպիչները նորաոճ հագուստներով, երաժշտությամբ իրենց կողմն են քաշում երիտասարդներին, այսինքն՝ սա ունի նաև բիզնես-նպատակ:
Քահանան խորհուրդ տվեց հեռու մնալ նման տոներից, որովհետև դրա հիմքում ընկած են մոգությունն ու կախարդանքը, ինչը եկեղեցին մերժում է: