Ես տնտեսագետ չեմ և Հայաստանի բնակչության իննսունինը տոկոսի նման, ոչինչ չեմ հասկանում վարչապետի կամ մեր տնտեսագետների ելույթներում մեջբերված թվերից կամ ՀՆԱ, ԱԱՀ հապավումներից: Դե, առանց այն էլ էս ինֆորմացիայի բազմազանությունից ու առատությունից, ուղեղի բռնաբարում է տեղի ունենում: Դուք ինձ ասեք, բացատրեք առանց այդ թվերի կամ հապավումների, ի՞նչ է կատարվում Հայաստանի տնտեսության հետ: Վարչապետն ասում է, որ մեր տնտեսությունը, միայն 2013 թվականին, գրանցել է հինգ տոկոս աճ: Անցած տարի էլ էր նման մի թիվ, նախ անցած տարի էլ, հիմա ասեք խնդրում եմ, ո՞ր թվին ի՞նչ գումարեմ ու եթե այսպես գումարելու թվեր ենք ունենալու, մինչև ո՞ւր ենք հասնելու: Ո՞րքան էր նախորդ տարիների տնտեսական աճի ընդհանուր թիվը, որ այս հինգ տոկոսն էլ դրան գումարեմ: Որքան հասկանում եմ, բարձր թվերը լավ բան են նշանակում, բայց ի՞նչու թվային պատկերը չի համապատասխանում աչքի տեսածին, կամ ականջի լսածին: Գործարարները բողոքվում են «հարկային տեսչություն» կոչվող ստրկատիրական համակարգից, մարդիկ ճգնում են, անտանելի բեռներ շալակում՝ առանց այն էլ բարակած շլինքներին (բրբ), մտնում են բանկ-վարկային բեռի տակ ու իրենց գործի մեջ շրջանառություն, առք ու վաճառք չապահովելով փակվում ու տուն տեղ վաճառում, որ բանկ կոչված մաֆիոզի փողերը հետ վերադարձնեն՝ տոկոսն էլ հետը վրա եկած:
Կոռուպցիայի դեմ պայքարում են հենց կոռումպացված մարդիկ: Բարեգործությամբ զբաղվում են նրանք, ովքեր տարբեր կերպերով հարստահարում են ժողովրդին: Oրինակ` Սերժ Սարգսյանի եղբոր` «Լույս» բարեգործական հիմնադրամը, բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացնում, հարց՝ ու՞մ հաշվին: Պատասխան՝ քցված գործարարների հաշվին կամ էլ այն գործարարների, ում բիզնեսի մեջ, սրանք գողականով փայ են մտել:
Պաշտպանության նախարարությունը, զինկոմիսարիատի կողմից ավտոդպրոցներին դիմող՝ ապագա մեկ զորակոչիկի ուսման համար, վճարում է 270 000 դրամ և դա այն դեպքում, երբ ավտոդպրոցում սովորելու բազային վարձավճարը կազմում է 180000 դրամ: Ի՞նչու է ՊՆ-ը թանկ վճարում: Մի քիչ շեղվեցի թեմայից, բայց լոկ այն պատճառով, որովհետև ցանկանում եմ արդարացնել չարդարացվողը, այն է գործարարների ճկունությունն ու հնարամտությունները, որով ջանում են անկախ հարկային անբարենապաստ օրենքների առկայության՝ գոյատևել, մնալ ջրի երեսին, շրջանցել ոմն տխմարների հորինած հակակոռուպցիոն միջոցառումները և հարկային «բարեփոխիչ» օրենքները: Նմանվում է «Մկան ու կատվի» խաղին, կատուն ցանկանում է բռնել մկանը, բայց մուկն ավելի հնարամիտն է: Նրան միշտ հաջողվում է փախչել կատվից:
Վարչապետը, ցանկանում է գործարարների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանել, եթե սա կթել, ծծկել կամ քամել չէ, բա ի՞նչ է: Լսել եմ, որ երբեմն կովին այնպես են կթում, որ վնասում են պտուկները ու հաջորդ անգամ, կթել ցանկանալիս, կովը ցավից քացի է տալիս: Շիրակի մարզը հարուստ է արոտավայրերով, բայց քչերին է հայտնի, որ հովիվները հաճախ են նախիրը սոված հետ վերադարձնում արոտավայրերից: Դե արի ու սոված կովից, վերջին կաթիլ կաթը քամի: Հույսով եմ, որ ասածս հասկանում եք, թե ի՞նչ ի նկատի ունեմ:
Ազգային ժողովում ելույթ ունենալով, Արամ Մանուկյանը հայտարարեց, որ 147 անգամ, հարկային բարեփոխումներ են կատարվել: Իմ մոտ հարց է ծագում, բա ի՞նչու չի բարեփոխվում, այլ ընդհակառակը, քանի գնում, այնքանով այս բարեփոխումները անբարենպաստ, անկայուն և անվստահելի են դարձնում հարկային և ներդրումային դաշտը: Գործարարի համար, հաստատուն հող չի մնում, որ կարողանա ոտք դնել: Մի կողմից հարկային, մյուս կողմից բանկ-վարկային քաղաքականությունն է, իսկ էն մյուս կողմից էլ քրեական աշխարհն է, որ պառազիտի նման փայ է մտնում ու ուրիշի քրտինքով վաստակածը լափում:
Վերջերս, լրատվամիջոցները հիշեցին հրդեհային կրակմարիչների պատմությունը, որը մի ժամանակ պարտադրվեց վարորդներին, քանի որ իշխանություններին մոտիկ կանգնած, կամ ինչ որ մեկի բարեկամը հանդիսացող ոմն, ցանկացել էր կրակմարիչների բիզնեսով փող վաստակել: Ծանոթս պատմում էր, թե ինչպես էր Վրաստանի ճանապարհին, ականատես եղել մի պատահարի, երբ վարորդները այդ կրակմարիչներով վրա էին հասել կրակով բռնկված մեքենան հանգցնելու ու պարզվել էր, որ դրանք չեն աշխատում, արդյունքում մեքենան ամբողջությամբ այրվել էր: Հիշեցին կրակմարիչները, որովհետև հիմա էլ ինչ որ մեկը, որոշել է ՀԴՄ սարքավորումների վաճառքով փող դիզել: Դարձյալ տուժվում են փոքր և միջին բիզնեսը: Փակվում է բիզնեսը, փակվում են աշխատատեղերը, արդյունքում՝ գործազրկություն, աղքատություն և նորից արտագաղթ շղթայի՝ անվերջանալի ցիկլի կրկնություն:
Շարունակելի է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mamikon.hambaryan/posts/609381939103220
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել