1in.am-ը գրում է.
Չորեքշաբթի Սպիտակ տանը ԱՄՆ նախագահի օգնականները և Գերմանիայի կանցլերի խորհրդականները քննարկել են երկու անդրատլանտյան դաշնակիցների միջև ծագած լրտեսական սկանդալի կարգավորման ուղիները: Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամլո քարտուղարի տեղակալ Ջոշուա Էռնեստը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նա նշել է, որ ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցել են ազգային անվտանգության հարցերով և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահի օգնականներ Սյուզան Ռայսն ու Լիզա Մոնակոն, ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպերը և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարի առաջին տեղակալ Քրիս Ինգլիսը, ինչպես նաև Սպիտակ տան ևս մի քանի այլ պաշտոնատար անձինք: Գերմանիան ներկայացրել են կանցլերի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Քրիստոֆ Հոյսգենը և հետախուզության հարցերով կառավարության համակարգող Գյունտեր Հայսը:
Էռնեստի խոսքով՝ այդ խորհրդակցությունները դարձել են վերջերս Օբամայի ու Մերկելի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի շարունակությունը: Հանդիպումը դարձել է երկու կողմերի ջանքերի մաս՝ ուղղված լարվածութունը վերացնելուն, որն առաջացել էր Եվրոպայում ԱՄՆ-ի կողմից իրականացվող հետախուզական գործունեության մասին հրապարակումերի հետևանքով: