Diplomat.am-ը գրում է.
Հանածո վառելիքի մեջ 3 տրիլիոն դոլար ընդհանուր ակիտվներ ունեցող մի շարք ներդրողներ մտահոգ են դրա պահանջարկի նկատմամբ հնարավոր անկմամբ՝ կապված պետությունների կողմից կլիմայական փոփոխությունների դեմ մղվող պայքարի, գրում է FINANCIAL TIMES պարբերականը: Ներդրողները հատուկ նամակով մտահոգություն են արտահայտել՝ հասցեագրելով այն 45 խոշոր նավթային, գազային և ածխային կորպորացիաներին, այդ թվում՝ Exxon Mobil, Royal Dutch Shell, BP, BHP Billiton, Rio Tinto և Peabody Energy ընկերություններին: 72 ներդրումային ընկերություններ, ինչպիսիք են Scottish Widows և Aviva-ն, կարծում են, որ հանածո վառելիքի մեջ իրենց շահը կվերածվի «անիծված ակտիվի», քանի որ գլոբալ տաքացման պատճառը վառելիքի այս տեսակների վերամշակումն ու կիրառումն է: Ներդրողները նամակով առաջարկում են ռիսկերի գնահատում անցկացնել մինչ 2014-ի առաջին եռամսյակի ավարտը՝ պայմանավորված կառավարության ծրագրով՝ մինչ 2050թ. նվազեցնել ջերմոցային արտանետվող գազերի ծավալը 80%-ով: Այս դեպքում գլոբալ տաքացման հետևանքով ջերմաստիճանի բարձրացումը չի գերազանցի ընդունելի 2°C-ը: Ըստ պարբերականի՝ ներդրողների ասոցիացիան՝ Ceres-ը,որը զբաղվում է էկոլոգիական և սոցիալական մի շարք խնդիրներով, նշել է, որ նամակին արձագանքել է շուրջ 30 ընկերություն. նրանցից մի մասը չի կարևորել նամակում արտահայտված միտքը, մի մասն էլ պատրաստակամություն է հայտնել պատասխանելու ներդրողների խնդրանքներին: Մինչդեռ մեծամասնությունը հայտարարել է, որ կվերանայի վերջիններիս առաջարկները: Թեև համապատասխան պետական գործակալություններն ու նավթային ընկերությունները հրաժարվում են հանածո վառելիքի անկման վերաբերյալ գուշակություններ անել, սակայն չեն բացառում նման սցենարի հավանականությունը: Ըստ համաշխարհային HSBC բանկի գնահատականների՝ նավթագազային ընկերությունները կարող են կորցնել 40 մինչև 60% շուկայական կապիտալիզացիան աշխարհում, որտեղ ջերմոցային գազերի արտանետումը սահմանափակ կլինի: HIS խորհրդատվական ընկերության աշխատակից Սայմոն Ուորդելը ևս հավանական է համարում պահանջարկի անկումը, սակայն այն տեղի չի ունենա մոտ ապագայում, քանի որ մեքենաները հիմնականում աշխատում են դիզելային կամ բենզինային վառելիքով: Բացի այդ, դեռևս չի հայտնաբերվել ինքնաթիռի վառելիքի այլընտրանքային տարբերակ, ինչը նշանակում է, որ պատկերը շուկայում անփոփոխ կմնա դեռևս մի քանի տասնամյակներ:



