Դոժիլի... սփյուռքի մոտ քսան հայտնի ներկայացուցիչներ միասեռականների իրավունքները պաշտպանելու և չոտանահարելու պահանջ պարունակող ինչ որ հայտարարության տակ են ստորագրել, որտեղ Հայաստանին կոչ են անում զերծ մնալ «Հակամիասեռական» օրինագծեր ընդունելուց ու քարոզչությունից:
Ուշագրավ է այն, որ այդ հայտարարության տակ ստորագրել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Դիանա Տեր-Հովանեսյանը, Արսինե Խանջյանը, Սկաուտ Թուֆանկջյանը և այլոք...
«Ի պատասխան Հայաստանում շրջանառված «հակաքարոզչական» օրենսդրության նախագծի` ձևավորված Ռուսաստանում վերջերս ընդունված և լայնորեն դատապարտված օրինագծի օրինակով, մենք, համընդհանուր հայկական համայնքի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս, համոզված ենք, որ նույնասեռականության դեմ նախապաշարմունքների օրենսդրորեն ամրագրման փորձերը հակասում են մեր արժեքներին: Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, գենդերից կամ ռասայից»:
Հիմա խոսեմ ըստ էության. որպես ՀՀ քաղաքացի, ով մշտապես բնակվում է ՀՀ-ում, ով արտագաղթելը չի դիտարկում որպես հավանական ու ընդունելի հեռանկար իր համար և ով ուզում է, որ իր երեխաները ծնվեն և մեծանան արժեհամակարգային ու բարոյական այն մթնոլորտում, որում մեծացել է ինքը, ես դեմ եմ նման նախաձեռնությանը ու այդ կոչին:
Ես անչափ գնահատում եմ Սերժ Թանկյանին, որպես երաժիշտ ու հայրենասիրության մասին իր պատկերացումն ունեցող մարդ, ինձ բավականին դուր է գալիս Էգոյանի «Արարատը», իսկ Արսինե Խանջյանի դերասանական խաղը հիացմունքի է արժանի: Մնացածին առանձնապես չգիտեմ էլ, բայց դա էական էլ չէ այս հարցի կոնտեքստում: Երևի իրենք էլ շատ պատկառելի դեմք են և շատ բան ունեն արած Հայստանի ու հայ ժողովրդի բարի անունը ամրապնդելու համար, բայց...
Տիկնայք և պարոնայք, Դուք չեք ապրում Հայաստանում, Դուք ապրում եք երկրներում, որտեղ արժեհամակարգային միանգամայն այլ մթնոլորտ է, այլ է աշխարհընկալումն ու մենթալիտետը, այլ է ընտանիքի մոդելը ու առհասարակ, շատ բաներ են այլ: Դա Ձեր իրավունքն է՝ բնակվել այդ երկրներում, ընդունել կամ չընդունել այդտեղի բարքերն ու նորմերը, բայց հարգելի տիկնայք և պարոնայք, ես ու ևս մի 2,5 միլլիոն մարդ էլ ապրում ենք Հայաստանում, ապրում ենք այստեղի արժեհամակարգում, մենթալիտետում, ընդունում ենք այստեղ ակտուալ բարոյականության ու առաքինության չափանիշներն ու չափորոշիչները և ընդունեք, որ դա էլ մեր իրավունքն է, որ մենք ապրենք Մեր երկրում այն նորմերով, որոնք Մեզ են հոգեհարազատ:
Նախ, ոչ մի «հակամիասեռականության» մասին խոսք չկա, քննարկվում է օրինագիծ, որը պետք է արգելի միասեռականության քարոզչությունը ՄԵՐ երկրում և պաշտպանի ՄԵՐ երեխաներին այդ երևույթից, որը Ձեր արժեհամակարգում դիտարկվում է, որպես նորմա ու սովորական բան, իսկ Մեր արժեհամակարգում դիտարկվում է, որպես այլասերվածություն ու մեղք:
Ցանկացած հանրաքվե կամ ներկայացուցչական հարցում ցույց կտա, որ Հայաստանի ճնշող մեծամասնությունը կտրականապես դեմ է հոմոսեքսուալիզմի ու գենդերամերձ այլ թեմաների պրոպոգանդային ՄԵՐ երկրում, իսկ ժողովրդավարությունը մեծամասնության կարծիքի գերակայությունն է փոքրամասնության իրավունքների նկատմամբ: Ոչ ոք այստեղ չի պատրաստվում օրենքներ ընդունել, որով կարտոնվի ֆիզիական վնաս պատճառել, կամ խտրական վերաբերմունք ցուցաբերել միասեռականների և այլ նմանօրինակ երևույթների դեմ: Ավելին, Հայաստանը ունի օրենքներ, որոնցով նման քաղաքացիներն օժտված են բոլոր անհրաժեշտ իրավունքներով:
Հասարակության մեծ մասին մեծ հաշվով չի հետտաքրքրում թե ով՝ ինչ է անում իր անձնական կյանքում, իր ննջարանում: Հասարակության մեծամասնությունը բավականին տոլերանտ է, իսկ ոչ տոլերանտների զանցանքներն էլ վերահսկվում են պատկան մարմինների կողմից, բայց ժողովուրդ ջան, հասարակության մեծ մասը չի ուզում հեղափոխի իր մենթալիտետը, ինչ է թե Ֆրանսիայում, կամ ԱՄՆ-ում որոշել են, որ միասեռականության քարոզը աջ ու ձախ պետք է արվի, կամ եթե ուզում եք ավելի տոլերանտ՝ միասեռականությունը նորմա է:
Ի վերջո, 1933 թվականին էլ Գերմանիան էր որոշել, որ բոլոր հրեաներին պետք է ոչնչացնել, իսկ բոլոր ոչ արիացիները աննորմալ են ու կիսամարդ: Հետո ԱՄՆ-ը որոշեց, որ ինքը մեսիական դեր ունի այս աշխարհում, իսկ ով համաձայն չէ դրա հետ, պետք է հողին հավասարեցվի...
Ինչևիցե, ասածս ի՞նչ է: Այդ կոչի տակ ստորագրողներին ամենայն հագանքով կցված մաղթում եմ, որ իրենք ԻՐԵՆՑ երկրներում ապրեն այնպես ինչեպս իրենք են ճիշտ համարում և կիսեն այն արժեքները, որոնք իրենց են հոգեհարազատ, բայց պետք չէ օվկիանոսի այն կողմից նստած ՄԵԶ համար որոշեն, թե ո՞րն է լավ ու որն է վատ մեզ համար ու գալիք սերունդների համար: Ի վերջո, պապուասների ցեղ չի ապրում Հայաստանում և մենք ենք մեր բախտի տերը: Եթե սխալ ենք, ուրեմն ընկերովի ենք սխալ ու միայն ժամանակն ու Աստված կարող են դատել մեր սխալմունքը...
Կից նյութն՝ այստեղ



