Սիրիական քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ փոխհամաձայնության գալն, անշուշտ, ընկալվեց որպես ռուսական դիվանագիտական ջանքերի բացառիկ արդյունավետության և ամերիկյան վարչակազմի բացառիկ մարդասիրության դրսևորում: Սա այն դեպքում, երբ Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեպքը չէր տեղավորվում այնտեղ ընթացող քաղաքացիական պատերազմի ընդհանուր տրամաբանության շրջանակներում: Այն տպավորությունն է ստեղծվում, որ քիմիական զենքի կիրառման հետ կապված այդ ողջ պատմությունը կոչված էր բացառապես մեկ խնդիր լուծել՝ ստեղծել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ հանդիսացող ԱՄՆ-ի և Ռուսաստանի պահանջով ու միջնորդությամբ պայմանավորված մի առանձին ինքնիշխան պետության՝ Սիրիայի զանգվածային ոչնչացման զենքի ողջ զինապաշարի ոչնչացման նախադեպ:
Ընդ որում, հայտարարվում է նաև, որ Սիրիան կամավոր է ընդունել սեփական քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ որոշումը: Այսինքն՝ խնդրի այսօրինակ լուծումը, ոչ միայն աշխատեց հօգուտ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների գործող վարչակազմերի, այլև միջազգային ասպարեզում էապես վերականգնեց սիրիական իշխանությունների երբեմնի վարկն ու հեղինակությունը: Գոնե ես համանման մեկ այլ դեպք միջազգային հարաբերությունների պատմությունից չեմ հիշում և գտնում եմ, որ այս նախադեպը շատ կարևոր դեր է խաղալու մոտ ապագայում, երբ գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունները ծրագրավորող և իրականացնող կենտրոններին անհրաժեշտ կլինի չեզոքացնել և վնասազերծել, օրինակ, Պակիստանի կամ մեկ ուրիշ պետության միջուկային զենքը, որը կարող է սպառնալիք դառնալ այդ պետության հետագա դերակատարման և ճակատագրի վերաբերյալ ընդունված որոշումներին հակառակվելու պարագայում:
Սիրիական ԶՈԶ-ի միջազգային վերահսկողության տակ անցնելը և դրա ոչնչացման ձևն ու ընթացքը կարող ենք համարել այս կարգի զինատեսակների դեմ գերտերությունների համակարգային պայքարի մոդելային տարբերակ, որի կիրառումն առաջիկայում կդառնա ավելի ընդգրկուն և նպատակային:



